Մետրոյի նոր կայարանների կառուցման հաշվարկ կա, արված է 1985-ին․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ մետրոյի նոր կայարանների կառուցման հաշվարկ կա, այն արված է 1985-ին։

Հունվարի 29-ին Երևանի ավագանու նիստից հետո Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման հնարավորության մասին։ Այս մասին օրեր առաջ խոսել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ Երևանում նախատեսվում է մետրոյի երկու նոր կայարանների և ճոպանողու շինարարություն։ Քաղաքապետարանից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշել էին, որ այլ տեղեկություններ, քան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է ասել ասուլիսի ընթացքում, չկան:

Լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Մարությանը, անդրադառնալով հարցին, որ որևէ հաշվարկ չկա Մեսչյանի հայտարարած ծրագրերի հիմքում, և արդյոք դրանք «իրականությո՞ւն են, թե՞ երազանք», պատասխանել է։

«Երազանքներ չեն, կա հաշվարկ, որն ուղղակի արված է 1985-ին։ Մենք չենք ասում՝ կառուցելու ենք, մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Կա աշխատանքային խումբ։ Երբ մենք ասում ենք՝ երկու կայարանի մասին է խոսքը, բնականաբար սկզբից կլինի առաջինը և հետո՝ երկրորդը։ Երկու կայարանը չի լինելու երկու, երեք կամ հինգ տարում։ Առայժմ մեկ կայարանը կլինի, այնուհետև երկրորդը»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ քաղաքապետարանը շենքերի կառուցման նախագծերը հաստատելիս պետք է հաշվի առնի, թե որտեղով է անցնելու մետրոյի ճանապարհը։

Մարությանը մանրամասնել է, որ նախատեսվում է մետրոյի կայարաններից մեկը կառուցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտ՝ Աջափնյակում, իսկ մյուսը «շարունակվելու է դեպի կվարտալ» (15-րդ թաղամաս)։

Ըստ Մարությանի՝ մեկ կիլոմետր մետրոյի կառուցման միջին հաշվարկը 100 միլիոն դոլար է։ «Սա ընդհանրապես հաշվարկն է, կախված, թե ինչ խոչընդոտներ կան ու ինչ հարցեր պետք է լուծվեն»,- ասել է Մարությանը։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել