Ղարաբաղի հարցում ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն․ Կարասին

Հիմա շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի և հանգիստ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Այսօր նա մասնակցում էր Ռուս-Հայկական սլավոնական համալսարանի այգում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի բացման արարողությանը։ Նախօրեին Կարասինը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում Կարասինը նշել է, որ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հիմա շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի և հանգիստ։ Մենք գոհունակությամբ ընդգծում ենք, որ վերջին ամիսներին այն կա. միջազգային հանրությունը՝ համանախագահող երեք երկրները, Եվրոպական միությունը կոնսենսուս ունեն՝ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»,- ասել է նա։

Աղբյուրը՝ Azatutyun.am