Տարոնի «պաշտպանը»՝ նորից թաղապետի տեղակալ

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է վերանշանակվել Սամվել Ղումաշյանը: Այս մասին հունվարի 25-ին գրեց Factor.am կայքը։

Ղումաշյանը, հնարավոր է, շատերին ծանոթ չէ։ Սակայն համացանցում փնտրելով՝ նա հիշատակվում է Թավշյա հեղափոխության օրերին Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խմբի մասին հրապարակումներում։

Սամվել Ղումաշյանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ ևս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։

Ապրիլի 21-ին, երբ լուսաբանում էի Նիկոլ Փաշինյանի քայլերթը Ավան վարչական շրջանում, ինքս բախվեցի Ղումաշյանին, որը որդու՝ Գրիգոր Ղումաշյանի և Տարոն Մարգարյանի այլ մտերիմների հետ, «պաշտպանում էր» նախկին քաղաքապետի առանձնատունը քայլերթի մասնակիցներից։

Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես այդ խումբը Տարոն Մարգարյանի տան մոտ քաշքշում էր քաղաքացու, իսկ մեկի ավտոմեքենան վնասել էին։

Իմ մասնագիտական աշխատանքը կատարելիս հենց այդ խմբի անդամներից մեկը՝ ուղիղ եթերի ժամանակ, ձեռքիցս հափշտակեց հեռախոսս, և փախավ։ Ուղիղ եթերից պահպանված տեսանյութում երևում են թե՛ Ղումաշյանը, թե՛ որդին՝ Գրիգոր Ղումաշյանը (նարնջագույն բաճկոնով), որն այդ ժամանակ աշխատում էր Երևանի քաղաքապետարանում, և ինձ էլ առաջարկում էր «փաթաթվել»։

Իմիջիայլոց, ամբողջ տարածքը տեսահսկվում էր տեսախցիկներով, բայց ոստիկանությունը այնքան ուշ էր առգրավել տեսանյութերը, որ ոչ մի բան չէր պահպանվել կամ ամեն ինչ արել էին, որ չպահպանվի։ Այսօր այդ գործով որևէ մեղադրյալ չկա։

Փաստորեն, Ավանում վախի մթնոլորտ ստեղծած (Ավանում բնակվող գործընկերներիցս շատերը Թավշյա հեղափոխության օրերին վախենում էին տուն գնալ), քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ գործադրած անձինք այսօր պաշտոնների են վերանշանակվում։

Անի Գրիգորյան

Լուսանկարների կոլաժը՝ Factor.am-ի

Մեկնաբանել