Ասել եմ այն, ինչ մտածում եմ․ Կարասինը` ՀՀ-ի հանդեպ «ամերիկյան շանտաժի» իր հայտարարության մասին

«Ասել եմ այն, ինչ մտածում եմ»․ այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը իր՝ ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, թե Մոսկվան «հուսով է՝ Հայաստանի նոր կառավարությունը արտաքին շանտաժին դիմակայելու խիզախություն կունենա»։

«Ո՞ւմ եք հղում անում»,- հարցադրում է արել Կարասինը՝ լսելով «շանտաժի» մասին հարցը։ Լրագրողի արձագանքին, թե նրա իսկ հայտարարություններին, դիվանագետը, ուսերը թափ տալով, հայտարարել է․ «Ասել եմ այն, ինչ մտածում եմ»։

Այսօր Գրիգորի Կարասինը մասնակցում էր Ռուս-Հայկական սլավոնական համալսարանի այգում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի բացման արարողությանը։ Նախօրեին նա հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

2018-ի դեկտեմբերին Գրիգորի Կարասինը «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում ասել էր, որ Մոկսվան ակնկալում է՝ «Հայաստանի նոր կառավարությունը ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը դիմակայելու խիզախություն կունենա և ինքնուրույն որոշումներ կկայացնի»։

Կարասինի հայտարարությունը հետևել էր ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարություններին։

Կարասինին այսօր նաև հարցրել են, թե արդյոք «հնարավո՞ր է խաղաղություն առանց տարածքային կորուստների»։ Պաշտոնյայի դիտարկմամբ՝ «դրանով պետք է զբաղվեն հատուկ մարդիկ, որոնք լուծելու իրավասություն ունեն»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով Կարասինը նկատել է, որ «գոհ են ամերիկացիների հետ փոխազդեցությունից», աշխատում են նրանց և ֆրանսիացիների հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում դիվանագետը նաև ասել է, որ «հիմա շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի և հանգիստ», «ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել