Բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել․ վարչապետ

Բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ վերջերս հանրության ուշադրության կենտրոնում հայտնված հարցին՝ պաշտոնյաների շռայլ պարգևավճարներին։

«Երեկ տեղի ունեցավ էլի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանումներ ստացավ»,- ասաց Փաշինյանը։

«Ուզում եմ արձանագրենք, որ սա շատ լուրջ ճեղքում է, այս ողջ քննարկումը, բողոքները, բացատրությունները կառավարության գործունեության և պետական կառավարման համակարգի թափանցիկության առումով։ Կա խնդիր, որն արձանագրվել է, և այդ խնդիրը էլի պետք է հանրայնորեն քննարկենք, հասկանանք իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի»,- շարունակեց նա՝ հավելելով, որ խնդիրները պետք է լուծել այնպես, որ «հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանել»։

«Ես չգիտեմ՝ նախկինում կա՞ր մարզպետ, որի համար իր 600 հազար կամ 400 հազար իրականում աշխատավարձը կարևոր էր, թե ոչ, բայց կարող եմ ասել՝ այսօր ՀՀ մարզպետների 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է»,- շարունակեց վարչապետը։

Մասնավորապես, ՊԵԿ-ում շատ մեծ պարգևավճարների մասին հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք և 2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է, արդեն 2019 թվականի բյուջեում։ Բայց մենք փոխարենը այլ բան ենք արել․ կային գերատեսչություններ, որոնք ունեին պարգևավճարների ֆոնդ, կային գերատեսչություններ, որոնք չունեին պարգևավճարների ֆոնդ, և այնտեղ ուրիշ մեխանիզմներ էին գործում։ Մենք հիմա բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել