Նիկոլ Փաշինյանը ժամանեց Քյոլն, Գերմանիա

Վարչապետը Գերմանիայում է․ այսօր նա կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը հունվարի 30-ին ժամանեցին Գերմանիա՝ Քյոլն քաղաք։ Այստեղ հունվարի 31-ին Փաշինյանը հանդիպում կունենա գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայ առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդարանում Փաշինյանը սկզբում կհանդիպի համայնքի առավել ակտիվ մոտ 70 անդամների հետ, ապա կմեկնի Սբ․ Սահակ-Մեսրոպ եկեղեցի՝ համայնքային մեծ հանդիպման, որին մասնակցելու է շուրջ 600 անձ։ Գերմանիայի ամենախոշոր հայ համայնքը հենց այս քաղաքում է։ Բացի այդ, Քյոլնում վարչապետը հանդիպում կունենա KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, կլինի Քյոլնի տեխնիկական համալսարանում, այնուհետև նրան կընդունի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին, նա շրջայց կկատարի քաղաքի Մայր տաճարում։ Նախատեսված է մի շարք հուշագրերի ստորագրում։

Այցի շրջանակում փետրվարի 1-ին վարչապետը կլինի Բեռլինում և հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Փետրվարի 1-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը։

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները նպատակադրված են խորացնել համագործակցությունը թվայնացման, կրթության և մշակութային ոլորտներում, քննարկման առանցքը, սակայն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցերն են։

Վարչապետին Գերմանիայում ուղեկցում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և այլ պաշտոնյաներ։

2018-ի օգոստոսին Հայաստան էր եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նա հանդիպեց Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, համատեղ ասուլի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ և զբոսնեց Հյուսիսային պողոտայում։ Մեկնելուց առաջ նա Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Գերմանիա։

Գևորգ Թոսունյան, Քյոլն, Գերմանիա