Հակառակորդը այս մակարդակի ավիացիա չունի. վերլուծաբանը՝ Հայաստանի կողմից Սու-30ՍՄ-ների գնման մասին

Մոսկվան և Երևանը Սու-30ՍՄ չորս բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռք բերման գործարք են կնքել, որոնք ՀՀ Զինված ուժերը կստանան 2020-ին։ Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, ինքնաթիռները վաճառվել են ներռուսաստնյան, այլ ոչ թե արտահանման գներով։ Ի՞նչ է նշանակում Սու-30ՍՄ կործանիչների գնումը Հայաստանի համար, ի՞նչ առավելություններ է տալիս՝ այս հարցերին ՍիվիլՆեթի հետ զրույցում պատասխանում է ռազմական վերլուծաբան, Հետազոտությունների և զարգացման հայկական ինստիտուտի պաշտպանական հետազոտությունների վարչության ղեկավար Լեոնիդ Ներսիսյանը։ Հարցազրույցը տեղի է ունեցել 2019թ․ փետրվարի 1-ին։

– Ինչպե՞ս եք գնահատում այս գործարքը, արդյոք այն կարելի՞ է նշանակալի անվանել։

– Այս գործարքը շատ հետաքրքիր է, քանի որ ձեռք է բերվում սպառազինությունների շատ արդի համակարգ։ Խոսքը ծանր, բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է։ Եվ, ըստ ամենայնի, դրանց արժեքը շատ գրավիչ է և ակնհայտորեն ավելի ցածր, քան մյուս երկրների համար է։ Դա կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ Հայաստանը վերջին տարիներին շեշտադրում է արդի սպառազինությունների, ոչ թե միայն խորհրդային տեխնիկայի գնումը։

– Ի՞նչ կոնկրետ առավելություններ է դա տալիս ՀՀ Զինված ուժերին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից։

– Քանի որ համակարգը բազմաֆունկցիոնալ է, թույլ է տալիս իրականացնել ինչպես պաշտպանական գործողություններ՝ հակաօդային պաշտպանության գործառույթներ, պայքար հակառակորդի ավիացիայի դեմ, այնպես էլ հարձակողական գործողություններ՝ օդում գերիշխանության նվաճում, հակառակորդի ցամաքային թիրախների դեմ գերճշգրիտ հարվածների իրականացում, այսինքն խնդիրների շատ լայն շրջանակ է կատարում։ Ընդ որում, Սու-30ՍՄ-ի համար հրթիռային արդի սպառազինության գնման դեպքում խնդիրները կարելի է լուծել շատ մեծ հեռավորություններից և չմտնել հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտի։ Կարևոր է այն հանգամանքը, որ հակառակորդը դեռ այս մակարդակի ավիացիա չունի։

– Ի՞նչ պատասխան գործողությունների կարող է դրդել Ադրբեջանին Հայաստանի կողմից այս կործանիչների գնումը՝ Ռուսաստանից, Պակիստանից կամ այլ երկրից։

– Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանա պատասխանել այս գնմանը, ինչպես դա եղել է նույն «Իսկանդեր» հրթիռային համակարգերի դեպքում։ Որքանով տեղյակ եմ, մի քանի տարի առաջ նրանք փորձել են Ռուսաստանից նույն կարգի կործանիչներ գնել, բայց մերժում են ստացել։

Եթե Ռուսաստանն այս մատակարարումից հետո փոխի դիրքորոշումը, Ադրբեջանը, կարծում եմ, կցանկանա գնել Սու-30ՍՄ ինքնաթիռներ։ Դրանք Ադրբեջանին ավելի թանկ կարժենան, բայց վերջինս գումար ունի ինչպես ռազմական, այնպես քաղաքական տեսանկյունից սկզբունքային այս գործարքի համար։ Եթե Ռուսաստանը շարունակի Ադրբեջանին չմատակարարել համակարգերը, շատ հնարավոր է՝ նրանք գնեն չինա-պակիստանյան JF-17 կործանիչներ, որոնք իրենց հնարավորություններով զիջում են Սու-30ՍՄ-ներին։ Դրանք ավելի թեթև, էժան կործանիչներ են, այդուհանդերձ, կարող են ուժեղացնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։ Այս պահին Բաքուն ունի միայն մի տեսակի կործանիչ՝ Միգ-29, որը ոչ արդիականացված վիճակում է։ Ինքնաթիռի էլեկտրոնիկան վաղուց հնացել է և ցամաքային թիրախների դեմ պայքարում այն արդյունավետ չէ։

– Այս պահի դրությամբ խոսքն ընդամենը չորս ինքնաթիռի ձեռք բերման մասին է։ Ինչպե՞ս եք գնահատում այս քանակը։

– Սա առաջին խմբաքանակն է, առաջին քայլը։ Բնականաբար դեռ իմաստ չունի միանգամից վճարել 12 ինքնաթիռի համար։ Նախ՝ դժվար է միանվագ գումար գտնել, երկրորդ՝ առկա է ենթակառուցվածքների զարգացման հարցը՝ օդաչուների, անձնակազմի վերապատրաստում և այլն։ Փաստորեն, սա ենթադրում է Հայաստանում նոր տեսակի զորքերի ստեղծում, այստեղ երբեք չի եղել կործանիչ ավիացիա, գործընթացը պետք է աստիճանաբար զարգացնել և եթե անգամ լիներ ոչ թե չորս, այլ 12 ինքնաթիռ, դրանից ոչինչ չէր փոխվի։

– Արդյոք այս գործարքը կարելի՞ է համարել Հայաստանի նոր իշխանությունների հաջողություն, թե՞ տարիներ տևած բանակցությունների տրամաբանական արդյունք էր։

– Բավական վիճելի հարց է։ Այստեղ, ըստ իս, առկա է այն գործոնը, որ ներկայիս ղեկավարությունը, ՊՆ-ն ավելի հակված են ավիացիայի զարգացմանը։ Նախորդ իշխանությունների օրոք էր սկսվել Ռուսաստանից սպառազինությունների գնումը, այդ գիծն ընդհանուր առմամբ շարունակվում է, բայց որոշվել է ուժեղացնել ավիացիոն ներուժը, զարգացնել և խթանել հենց այս բաղադրիչը։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել