Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազության պաշտոնական կայքէջը։ Նշվում է, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018-ի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն պատիժը կրելուց հետո՝ 2019թ. փետրվարի 02-ին, ազատ է արձակվել:
Ըստ Արցախի դատախազության՝ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող՝ 2017թ. փետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, «առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից»:
ՍիվիլՆեթը կապ հաստաեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ, որը որոշ մանրամասներ ներկայացրեց Հուսեյնզադեի գործից։ Բաբայանի խոսքով՝ Հուսեյնզադեն օրենքի սահմաններում է դատապարտվել ու կրել իր պատիժը. «Նա որևէ ահաբեկչական արարք չի արել, բոլոր իրավական պրոցեդուրաները պահպանելով` կրել է իր պատիժը և ըստ օրենքի՝ ազատ է արձակվել»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հուսեյնզադեի ազատ արձակումը չպետք է քաղաքականացնել, շեշտեց Բաբայանը․ «Չպետք է քաղաքականացնենք, որովհետև նա որևէ կապ չունի ահաբեկիչների հետ։ Եթե կատարած լիներ ծանր հանցագործություն, ուրեմն կկրեր պատիժը։ Նրա ազատ արձակումը օրենքի շրջանակներում է, մարդասիրական նորմերի շրջանակներում է նաև գործընթացը»։
Բաբայանի փոխանցմամբ՝ Հուսեյնզադեն հայտարարել է, որ չի ուզում վերադառնալ Ադրբեջան՝ ասելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում հայրենիքում։
«Սովորաբար նման ընթացակարգերի դեպքում անձը տեղափոխվում է երրորդ երկիր»,- հայտնեց Բաբայանը՝ հավելելով, որ սա միակ ու բացառիկ դեպքը չէ, որ Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի է ազատ արձակվում։
Ներկայում Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Բացի Էլնուր Հուսեյնզադեից հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանը հայկական կողմին առաջարկել է փոխանակել բոլոր գերիներին և ձերբակալվածներին
Գևորգ Թոսունյան