Հայաստանի Հանրապետության կառավարությունը փետրվարի 6-ի նիստին ներկայացրեց Կառավարության հնգամյա (2019-2023թթ․) ծրագիրը։ Ընդունվելուց հետո այն կներկայացվի Ազգային ժողովին՝ քննարկման համար։
ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5%: Տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ, ասվում է կառավարության ծրագրում։
Կառավարության ծրագրի նախագծում նշվում է, որ տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում:
Կառավարությունը կարևոր է համարում ձևավորել օրենսդրական և գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձևավորելու համար:
Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, նշվում է ծրագրում։ Իսկ տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։
Որակապես նոր՝ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մասնավոր հատվածի գործարար ծրագրերին Կառավարության աջակցության հիմնական չափորոշիչներից մեկը։ Զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ, նշված է նախագծում։
2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5%: Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում էր 4,5% տնտեսական աճ, իսկ արդեն 2019-ի պետական բյուջեով՝ 2018-ի տնտեսական աճի կանխատեսումը 6,5% է, 2019-ինը՝ 4,9%:
Համաշխարհային բանկը 2018-ի Հայաստանի տնտեսության աճը գնահատել է 5,3%, իսկ 2019-ի և 2020-ի համար՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%։
Կարդացե՛ք ավելին
2018-ին գրանցվել է 5,8% տնտեսական ակտիվություն
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի հարցում նվազ լավատես է, քան ՀՀ կառավարությունը