Հաստատակամ և անզիջում պայքար կոռուպցիայի դեմ․ կառավարության ծրագրի նախագիծ

Կառավարությունն իր փետրվարի 6-ի նիստին ներկայացրեց կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը։ Ծրագրում կառավարությունն անդրադարձ է կատարում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ այն լինելու է «վճռա­կան, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող», գործադիրն ակնկալում է լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։

Գործադիրը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնա­հերթու­թյուններից է։

Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանանան հանրային արհամարհանքի և դատապարտման:

Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և, այս առումով, ամրապնդել միջազգային համագործակցությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարում գործադիրը նախատեսում է

  • այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպու­թյունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարո­ղանան լինել բարձրաստիճան պաշտոնյա
  • պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը
  • կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը կարող է լինել օրենքով սահմանված որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։ կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։

Հանրային կառավարման մասով ծրագրում շեշտադրվում է այն հանգամանքը, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, որը , հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին:

Այս ուղղությամբ կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու­թյունը և աշխատանքի արդյունավետությունը, նշված է կառավարության ծրագրում։

Կարդացե՛ք նաև.

Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն ունենա․ կառավարության ծրագրի նախագիծ

ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս․ կառավարության ծրագրի նախագիծ

Մեկնաբանել