Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի գլխավորությամբ, փետրվարի 7-ին հրապարակեց որոշումը՝ մերժելով Քոչարյանի փաստաբանների բողոքը երկրորդ նախագահին ազատ արձակելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը ներկա էր որոշման հրապարակմանը։

Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ վիճարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 18-ին որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Բողոքը քննվեց երեք նիստի ընթացքում՝ հունվարի 29-ին, հունվարի 31-ին և փետրվարի 4-ին։

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում բացասաբար գնահատեց այս որոշումը։

«Իրավաբանական կոմպոնենտը այս որոշման մեջ հավասար է զրոյի, որոշումը քաղաքական բնույթի էր և քաղաքական պատվերով կայացված»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ «որևէ անաչառ իրավաբան, եթե նայեր իրենց բողոքը, ապա առնվազն 10-ը առանձին հիմք կգտներ՝ Քոչարյանին ազատ արձակելու համար»։

Ալումյանը հավելեց, որ որոշման հրապարակումից հետո փաստաբանների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ «հերթական անգամ համոզվեց՝ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, և արդարադատութուն չի իրականացվում»։

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են հերթական բողոքն ուղարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան և զուգահեռաբար՝ Վճռաբեկ դատարան։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, և դա կներառենք ՄԻԵԴ բողոքի մեջ»,- հայտարարեց Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին, Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել