Ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը

Առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարևորագույն գործոններից և կառավարության առաջնահերթություններից է․ ասված է կառավարության հնգամյա ծրագրի նախագծում։

«Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով արդիական, բարձր որակի և համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցումը:

Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը:

Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրու­թյան այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղա­քացու պատշաճ և ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնա­կության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման և վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատաս­խանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը:

Նշված նպատակներին հասնելու համար կարևոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական և բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության և դեղարտադրության ոլորտի զարգացումը: Դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության և նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրումը նույնպես առանցքային ուղղություններից է լինելու,- նշվում է նախագծում։

Մեկնաբանել