Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին կրկին հարցաքննվել է․ լրատվամիջոցներ

Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին կրկին հարցաքննվել է մարտի 1-ի գործով։ Այսպիսով նրա հարցաքննությունն ավարտվել է։

Ինչպես հաղորդում են Հետքը և Հայկական ժամանակը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրա հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ, Սարգսյանը կրկին եղել է վկայի կարգավիճակով։ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկությունը չի մեկնաբանում։

Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում փետրվարի 1-ին նույնպես հարցաքննվել էր մարտի 1-ի գործով՝ շուրջ 6 ժամ։

2018-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, 10 տարուց ավելի ընթացող քրեական գործը նոր թափ ստացավ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, նրանից բացի քրեական գործում ներգրավվեցին նաև այլ պաշտոնատար անձինք։

2018-ի օգոստոսին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը առաջին անգամ հայտարարեց. «Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը՝ առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»։

Մեկնաբանել