Հայ մասնագետների խումբը Սիրիայում է

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր՝ փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ)․ այս մասին Ֆեյսբուքում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայ մասնագետները Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել