2018-ին Հայաստան ժամանածների թիվը մեկնածների թվին գերազանցել 15 հազարով

2018-ին Հայաստան ժամանումների և Հայաստանից մեկնումների հաշվեկշիռը դրական է․ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-ին Հայաստանի ժողովրդագրական պատկերի վիճակագրությունը։

Ըստ դրա՝ 2018-ին դեպի Հայաստան ժամանումները կազմել են 3,8 մլն (3 757 168), մեկնումները՝ 3,7 մլն (3 741 855), հաշվեկշիռը դրական է՝ 15 313։

Ըստ տրանսպորտային միջոցների տեսակի՝ օդային և երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրումների սալդոն դրական է, իսկ ավտոմոբիլայինը՝ բացասական՝ -39 068։

Երբ ուսումնասիրում ենք վերջին հինգ տարիների տվյալները, պարզ է դառնում, որ օդային ճանապարհով փոխադրումները բացասական են եղել միայն 2015-ին, իսկ ավտոմոբիլային ճանապարհով ուղևորահոսքը բոլոր տարիներին բացասական է՝ ամենաբարձր բացասական հաշվեկշիռը եղել 2016-ին ՝ -57 866 մարդ։

Դրական հաշվեկշռի մասին

Չնայած մեկնածների ու ժամանածների տարբերությունը դրական է, ՀՀ փաստաթղթերով (անձնագրերով) մեկնումների ու ժամանումների տարբերությունը շարունակում է բացասական մնալ՝ թեև բացարձակ թվով այն մեծապես փոքրացել է։ Այսպես, եթե 2017-ին հայաստանյան փաստաթղթերով սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -36 191, ապա արդեն 2018-ին՝ -4 588 է։

Հայաստանը 2018-ին նաև ամենաշատ կացության կարգավիճակ է տրամադրել օտարերկրացիներին 2015-ից ի վեր (ցուցանիշը հաշվարկվում է 2015-ից)։ 2018-ին 7 145 մարդ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել, այդ թվում ՝ 1 710-ը՝ մշտական։ 2015-ին, օրինակ, կացության կարգավիճակ է ստացել 5 722 մարդ, որից 1 185-ը՝ մշտական։ 2018-ին Հայաստանում ամենաշատը կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի քաղաքացիները՝ 1 907 մարդ, Ռուսաստանի՝ 1 135, Իրանի՝ 1 130 քաղաքացիները։

Կացության մշտական կարգավիճակ, ինչպես նախորդ տարիներին, ամենաշատը ստացել են Ռուսաստանի քաղաքացիները։

Լիլիթ Աբովյան

Լուսանկարը՝ Գևորգ Հարոյանի

Մեկնաբանել