Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունները բաժանում է երեք մասի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունները բաժանում է երեք մասի․ այս մասին այսօր նա ասաց Ազգային ժողովում։

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի, թե արդյոք կա որևէ տեսլական կամ օրակարգ Իրանի հետ հարաբերությունները խորացնելու, Փաշինյանը ասաց, որ Իրանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և այդ հարաբերությունները բաժանեց երեք մասի՝ քաղաքական հարաբերություններ, երկկողմ տնտեսական հարաբերություններ և Եվրասիական տնտեսական միության ու Իրանի հարաբերություններ։

Մատնանշելով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետն ասաց, որ այդ մեխանիզմի գործարկումը էական փոփոխություն կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։

«Մենք շատ ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, և մտադիր ենք այդ համագործակցությունը խորացնել։ Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, կարծում եմ, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են։ Մենք, իհարկե, համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, և այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը»,- ասաց Փաշինյանը։

Փետրվարի 27-ին վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրան։ Վարչապետի պաշտոնում դա կլինի նրա առաջին այցը Իրան։ 2018-ի սեպտեմբերի 26-ին Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հանդիպել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել