Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղյակ չէ Քոչարյանին ներկայացված նոր մեղադրանքի բովանդակությանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Փետրվարի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով։ Քոչարյանը այժմ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։
Հովհաննես Խուդոյանը ՍիվիլՆեթին ասաց, որ տեղյակ չեն մեղադրանքի մանրամասներին. «Մեղադրանքը հիմնված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա։ Բովանդակությանը մենք էլ ծանոթ չենք՝ նկատի ունենալով, որ կալանքի նյութեր չկան, պարզապես մեղադրանքն է ներկայացված, այնպես որ այլ տեղեկություն չունենք։ Ենթադրաբար Սիլվա Համբարձումյանը ցուցմունք է տվել, որ ի թիվս այլ անձանց նաև պարոն Քոչարյանին է կաշառք տվել»։
Փաստաբանի խոսքով՝ այլ փաստեր, որոնց հիմքով կառուցվել է մեղադրանքը, պաշտպանական կողմին չի ներկայացվել, և միակը Համբարձումյանի ցուցմունքն է։
Մեղադրանքում կան տվյալներ ենթադրյալ կաշառքի չափի և այլ հանգամանքների մասին, սակայն փաստաբանը դրանք չհրապարակեց։
Մեղադրանքը, Խուդոյանի խոսքով, առնչություն չունի Մարտի 1-ի գործի հետ։
«Այս դրվագով ներկայում ոչինչ չենք պատրաստում իրականացնել, ծիծաղելի է անգամ, մյուս քրեական գործերով մեր աշխատանքները շարունակում ենք»։
Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված նոր մեղադրանքը չի ընդունում։
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 2-ին Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր Քոչարյանին գումար տալու վերաբերյալ։ Նա ասել էր. «Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, և որպեսզի ինձ չխանգարեն, ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին»:
Այս հայտարարությունից հետո նոյեմբերի 13-ին Քոչարյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Սիլվա Համբարձումյանի դեմ։ Նա պահանջել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել ու զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել՝ 2 մլն դրամի չափով։
Ներկայում գործը գտնվում է Երևան քաղաքի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում։
***
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018-ի դեկտեմբերի 7-ից։
2018-ի հուլիսին նրան մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով։ Ըստ Հատուկ քննչական ծառայության մեղադրանքի՝ նա 2008-ի հետընտրական իրադարձություններից առաջ և դրանից հետո սահմանադրական կարգ է տապալել։ Մասնավորապես ՀՔԾ-ն գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։
Սիլվա Համբարձումյանի մասին
Գործարար Սիլվա Համբարձումյանը գործունեություն է ծավալել հանքարդյունաբերության ոլորտում։ Նա հանրությանը հայտնի դարձավ 2011-ին, երբ հաղորդում ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ՝ պնդելով, որ Խաչատրյանը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրեն ծեծի է ենթարկել։ Քրեական գործը հետագայում կարճվեց։
2018-ի ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո Սիլվա Համբարձումյանը մի շարք հայտարարություններով հանդես եկավ՝ պնդելով, թե խոշոր չափի կաշառքներ է տվել բարձրաստիճան նախկին պաշտոնատար անձանց։ Մասնավորապես նա հայտարարեց, որ հանքերի շահագործման արտոնագիր ստանալու համար 2008-ին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար և նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, ինչից հետո քրեական գործ հարուցվեց Հարությունյանի դեմ։
Գևորգ Թոսունյան