Կառավարությունը չի միջամտի Թեղուտի հանքավայրի վերաբերյալ դատական գործընթացին

Կառավարությունը չի միջամտի Թեղուտի հանքավայրի վերաբերյալ դատական գործընթացին․ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։

«Շատ կարևոր պահ է, որովհետև մենք գիտենք, որ նաև մարդկանց տված մեր խոստումը կատարել-չկատարելու մասին է խոսքը, և ես չգիտեմ դուք ինչպես կվերաբերվեք այդ փաստին, բայց մենք, այնուամենայնիվ, որոշեցինք, որ այդ դատական պրոցեսին որևէ կերպ չպետք է միջամտենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Թեղուտի հանքը ներկայացնող «Վալլեքս գրուպի» և ՎՏԲ բանկի միջև ընթացող վեճին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հայտնելով, որ իր ելույթի պահին Ալավերդու պղնձաձուլարանի հարյուրից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ, հարց ուղղեց վարչապետին, թե կառավարությունը ինչ դիրքորոշում ունի Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձ կատարեց խնդրին․

«Ամենասկզբից եղել է հետևյալը․ ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս գրուպին» տվել է 380 մլն դոլարի վարկ, որը, վստահաբար, չի տրվել առանց քաղաքական միջամտության։ Որոշ ժամանակ անց ըներության մոտ առաջացել է վճարունակության խնդիր, և չի կարողացել վճարել վարկը։ Մենք մայիսից ներգրավվել ենք բանակցությունների մեջ, որպեսզի օգնենք, որ երկու կողմերը գան համաձայնության, սակայն այստեղ կա շատ խուճուճ և խառնված գրավների, պարտավորությունների համակարգ»։

Փաշինյանը պատմեց, որ անցած տարի կողմերը համաձայնության են եկել, որ ՎՏԲ բանկը պետք է դառնար Թեղուտի հանքավայրի սեփականատեր և ներգրավեր պղնձի ոլորտում հայտնի օպերատոր, որը պետք է աշխատեցներ հանքը, և պղնձաձուլարանը նույնպես պետք է շարունակեր գործել։ Սակայն պատմությունն ունեցել է մեկ այլ զարգացում։

«Հայտնվում է մի ընկերություն, որը 4000 դոլար պարտքի համար դիմում է դատարան և դատարանից ակնկալում, որ որպես հայցի ապահովման միջոց, բոլոր պրոցեսների վրա դրվի կալանք։ Այսպիսով այդ 4000 դոլար պարտքի համար դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության, դրա գույքի, իրավաբանական գործընթացների վրա։ Դատական այս որոշման պատճառով նախկին պայմանավորվածությունների համակարգը քանդվեց, և բանակցությունները վերադարձել են զրոյական կետ»,- ասաց Փաշինյանը՝ և բացատրեց, թե ինչու է այդպես եղել։

«Որովհետև այն օպերատորը, որը մինչ այդ ներգրավված էր գործընթացում և պետք է սկսեր աշխատել, այս պատմություններից, կոպիտ ասած, խրտնեց և հայտարարեց, որ չի ցանկանում մտնել գործընթացի մեջ»։

Ներկայում «Վալլեքս գրուպի» և ՎՏԲ բանկի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել, և կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, անելու է հնարավորը՝ օգնելու իրավիճակի կարգավորմանը՝ չմիջամտելով դատական գործընթացին։

***

2018-ի հունվարին «Վալլեքսը» հայտարարեց հանքավայրի 1200 աշխատակիցներին կրճատելու և հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին։ Ընկերությունը Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն սկսել էր 2007-ին։

Սաթենիկ Հակոբյան

Դիտե՛ք նաև՝

Մեկնաբանել