Արցախի կարգավիճակը․ Լիսաբոնից՝ Մադրիդ

Երեկ երեկոյան սուրճի շուրջ զրույց ունեցա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆինն նախկին համանախագահ Հեյկի Թալվիթիեի հետ։ Նրա ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ այն օրերից, երբ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ղեկավարում էին Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան։

Այսօր շատերն են մոռացել կամ չգիտեն, որ նախքան ԵԱՀԿ եռանախագահության հաստատումը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որը տեղի ունեցավ 1997-ին, կարգավորման գործընթացը ղեկավարում էին ավելի չեզոք համարում և ընկալում ունեցող շվեդներն ու ֆինները։

Ընդհանրապես, շատ բան է փոխվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Թալվիթիեի հետ զրույցում այս մասին ևս հիշեցինք։

Այս գրությամբ ուզում եմ հիշեցնել, թե ինչպես Արցախի կարգավիճակի հարցը մտավ բանակցային գործընթաց և ինչպես դարձավ կարգավորման մյուս առանցքային և ամենավիճելի թեմաներից՝ կարգավիճակ, տարածքներ, անվտանգություն, փախստականներ և տեղահանվածներ, կոմունիկացիաներ։

Անշուշտ, հայկական կողմի համար Արցախի կարգավիճակը միշտ էլ եղել է առանցքային, սակայն, մյուս կողմից, 1990-ականների կեսերին եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան ձևաչափով ընթացող բանակցություններում այն չի եղել վեճի հիմնական առարկան։ Կողմերը լռելյայն հասկանում էին, որ դրա քննարկումը տանելու է փակուղի, քանի որ հայկական կողմը չի համաձայնելու որևէ կարգավիճակի, ըստ որի Արցախը որևէ կարգավիճակով կմնա Ադրբեջանի կազմում, իսկ Բաքվի պատվիրակությունը համաձայնելու էր ցանկացած կարգավիճակի, բայց Ադրբեջանի կազմում։

90-ականներին ընթացող բանակցություններում ավելի շատ քննարկվում էին հակամարտության հետևանքների վերացման խնդիրները՝ տարածքներ, փախստականներ ու տեղահանվածներ, անվտանգության երաշխիքներ։

Արցախի կարգավիճակի խնդիրը ամենաբարձր մակարդակով առաջին անգամ քննարկվեց, ավելի ճիշտ՝ պարտադրելու փորձ արվեց Լիսաբոնում՝ 1996-ի դեկտեմբերի առաջին օրերին՝ ԵԱՀԿ գագաթաժողովում։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ամբողջ ԵԱՀԿ-ն, Ադրբեջանի գլխավորությամբ, Արցախի համար առաջարկեցին ինքնավարության բարձր կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։

Լևոն Տեր-Պետրոսյանը մերժեց այն։ Հանպատրաստից նրա ելույթը կարող է տեղ գտնել հայ քաղաքական մտքի պատմության մեջ․ «Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»։

Թեև Տեր-Պետրոսյանը օգտվեց Հայաստանի վետոյի իրավունքից, միևնույն ժամանակ նա քննադատությունների տարափի տակ հայտնվեց հայկական ընդդիմության և սփյուռքի կողմից։

Պետք է հիշել, որ այդ օրերին, հատկապես Հարավսլավիայում տեղի ունեցող գործընթացների ֆոնին, ինքնորոշման իրավունքի հարգումը ժողովրդայնություն չէր վայելում աշխարհում։ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը անգամ հանդես եկավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, ինչպես ԵԱՀԿ մյուս երկրները։ Եվ միայն Հայաստանի վետոյի շնորհիվ այդ փաստաթուղթը չպարտադրվեց Արցախին։

1997-ի գարնանն ու ամռանը, ԵԱՀԿ-ն փաթեթային մի քանի տարբերակ ներկայացրեց կողմերին, որոնցից մեկը՝ պաշտոնապես։ Դրանում կրկին Արցախը դրվում էր Ադրբեջանի կազմում՝ ամենաբարձր ինքնավարությամբ։ Հայկական կողմը, բնական է, մերժեց այն։ 1997-ի աշնանը, երբ ԵԱՀԿ-ն ներկայացրեց փուլային տարբերակը, Հայաստանը այն ընդունեց, իսկ Արցախը մերժեց։ Փուլային տարբերակում որևէ բառ չկար Արցախի կարգավիճակի մասին, այն թողնվում էր ապագային՝ հաջորդ փուլին։ Այդ տարբերակով, ինչպես դրանից առաջ և հետո ներկայացված առաջարկներն էին, հայկական կողմին առաջարկվում էր դուրս գալ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 6 կամ ավելի շրջաններից։

1998-ի ընդհանուր պետություն կոչված առաջարկում ասվում էր․ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ՙԸնդհանուր պետություն՚` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Քի Վեսթի 2001թ․ փաստաթղթում, որը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, ԼՂ-ն միացվում էր Հայաստանին։ Ճիշտ է, դրա դիմաց Հայաստանը, բացի 6,5 շրջաններ զիջելուց, Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու համար «սուվերեն միջանցք» էր տրամադրում։

Եվ վերջապես, մադրիդյան առաջարկներում և ածանցյալ Կազանի ոչ պաշտոնական փաստաթղթում Արցախի կարգավիճակի համար տեղ է գտել հետաձված հանրաքվեի գաղափարը։

Լուսանկարում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Լիսաբոնում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում, 1996թ․ դեկտեմբեր

Մեկնաբանել