Բուհերի նոր հոգաբարձուները․ ի՞նչ կարող են անել նրանք

2018-ի ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմերը սկսեցին փոխվել։ Եթե նախկինում խորհրդի նախագահները պաշտոնյաներ էին, ապա ներկայում՝ հիմնականում ոլորտի մասնագետներ։

Օրինակ՝ նախկինում Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանինը՝ ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանինը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Ներկայում հոգաբարձուների խորհրդի նախագահները պաշտոնյաներ չեն, այլ ոլորտի մասնագետներ։

Ներկայացնում ենք Հայաստանի 13 բուհերի և ինստիտուտների հոգաբարձուների խորհուրդների կազմի և նախագահների մասին տեղեկություն.

  1. Երևանի պետական համալսարան։ 2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:
  2. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ 2019թ. հունվարի 21-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ բժիշկ, կոմպոզիտոր Վահան Արծրունին: Խորհուրդը կազմված է 32 անդամից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից:
  3. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ 2019թ․ հունվարի 23-ին ընտրվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ ընտրվեց Հովիկ Մուսայելյանը՝ «Սինոփոսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը։
  4. Հայաստանի Ազգային ագրարային համալսարան։ Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2018թ․ օգոստոսից Արմեն Հարությունյանն է։ Խորհուրդը բաղկացած է 26 անդամից:
  5. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Ներկայում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է։ Խորհուրդը կազմված է 24 անդամից։
  6. Ճարտարապետության և շինարարության համալսարան։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Վլադ Ասատրյանը, նա ղեկավարում է «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհուրդը։
  7. Գավառի պետական համալսարան։ Այս բուհի հոգաբարձուների խորհուրրդը փետրվարի 4-ից ղեկավարում է ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
  8. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Այս ուսումնական հաստատության հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, խորհրդի կազմում է նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
  9. Շիրակի պետական համալսարան։ 2018-ի օգոստոսին համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
  10. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան։ Այս բուհում 2019թ․ հունվարի 26-ին խորհրդի նախագահ ընտրվեց Դիանա Տեր-Ստեփանյանը։
  11. Գորիսի պետական համալսարան։ Այս համալսարանում հունվարի 20-ին հաստատվեց հոգաբարձուների խորհրդի կազմը, սակայն նախագահի ընտրության վերաբերյալ տվյալ առկա չէ։
  12. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան։ Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
  13. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Ներկայում ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:

Հոգաբարձուների խորհուրդների անդամները վարձատրություն չեն ստանում։ Խորհուրդն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Այս խորհուրդներն իրավունք ունեն․

  • ընտրել ռեկտոր,
  • հաստատել բուհերի ռազմավարական ծրագրերը,
  • տարեկան հաշվետվությունը,
  • գույքի տնօրինման կարգը,
  • բուհի հաստիքացուցակը,
  • վերահսկել բուհերի ֆինանսատնտեսական գործունեությունը,
  • ծանոթանալ բուհի բոլոր փաստաթղթերին,
  • բուհի կանոնադրության մեջ փոփոխություն անել։

Բուհերի հոգաբարձուների խորհուրդները կազմվում են հետևյալ համամասնությամբ․

  • Հիմնադիրներ՝ ՀՀ կառավարություն,
  • Լիազորված մարմին՝ կրթության և գիտության նախարարություն,
  • պրոֆեսորադասախոսական կազմ,
  • սովորողների ներկայացուցիչներ,
  • ոլորտների ներկայացուցիչներ,
  • բուհերի գործատուներ։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորանշանակ նախագահ Գևորգ Մուրադյանը։

Մեկնաբանել