Հուսով եմ, որ ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները․ այսպիսի հայտարարութուն է արել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում ակադեմիականների հետ հանդիպմանը։
Իր ելույթից հետո պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե ինչպես է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է.
«Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, քանի դեռ սառեցված հակամարտությունը կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։
Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։
Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։
Աղբյուրը՝ ՀՀ նախագահի կայք