ԱԱԾ-ն հայտնել է՝ ինչ մեղադրանք է առաջադրվել Սեդրակ Քոչարյանին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

«Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, այդ եկամուտներն գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով։ Մասնավորապես, երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5 300 000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն։ Ցանկանալով խուսափել դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 շինծու անհատույց փոխառության պայմանագրեր և դրանց տալ նաև հաշվապահական ձևակերպում, ինչի հետևանքով ի վերջո 5 300 000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ:

Դրա հետ մեկտեղ, իր հիմնադրած հիշյալ ընկերության տնօրենը օրենսդրության պահանջների խախտմամբ, որպես հարկային գործակալ պարտավոր լինելով պահել և ՀՀ պետական բյուջե փոխանցել Սեդրակ Քոչարյանի կողմից երրորդ անձից անհատույց՝ որպես եկամուտ ստացած գումարից եկամտային հարկը՝ Սեդրակ Քոչարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը նվազեցնելու նպատակով, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 916 706 560 ՀՀ դրամի չափով հարկեր (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1 968 627 338 ՀՀ դրամ)։

Դրանից հետո, նպատակ ունենալով իր և ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքների կնքմամբ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով հիշյալ եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրն ու այն ներդնել օրինական շրջանառության մեջ, Սեդրակ Քոչարյանն այն միախառնել է բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերմանն ուղղելու եղանակով։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»։

Կարդացե՛ք

Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է՝ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել

Մեկնաբանել