Լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցը

Փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցը։ 2004-ին հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։

Գուրգեն Մարգարյանը ծնվել է Երևանում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել էր Զինված Ուժեր: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը և դարձել ՀՀ Պաշտպանության նախարարության սպա։

Մեկ այլ սպա` Հայկ Մակուչյանի հետ 2004-ի հունվարի 11-ից Գուրգենը մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» խրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացներին, որոնց մասնկացում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:

Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին:

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012-ի օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։

2013-ի մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներման շնորհումը և ըստ էության` արդարացումն ու հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։

Մարգարյանը հուղարկավորվել է Եռաբլուրի զինվորական պանթեոնում: Աջափնյակ համայնքում սպանված հայ սպայի անվան պուրակում տեղադրվել է նրա հուշարձանը:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել