Արամ Սիմոնյանը ոստիկանության հայտարարությունը անհեթեթ է համարում

Կտրուկ և միանգամից մերժում եմ բոլոր 3 մեղադրանքներն էլ․ tert.am-ի հետ զրույցում կաշառք վերցնելու և չարաշահումներ կատարելու մասին ոստիկանության հայտարարության վերաբերյալ ասել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Սիմոնյանը նշել է, որ կաշառքի մասին անհիմն և անհեթեթ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

***

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ խոշոր չարաշահումներ է հայտնաբերել Երևանի պետական համալսարանում։ Մասնավորապես պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18 միլիոն դրամը հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9,2 միլիոն դրամ:

Մեկնաբանել