Նիկոլա Ազնավուրը Նիկոլ Փաշինյանին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի ծրագրերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, որը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է:

«Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար և ուրախ եմ, որ հանդիպում ենք Երևանում: Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, որ այդպես է և ավելի հաճախ հնարավորություն կունենանք հանդիպել, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր ծրագրերի մասին, թե ինչ եք ծրագրում անել Շառլ Ազնավուրի ժառանգությունը նաև Հայաստանում պահպանելու և Հայաստանը որպես ազնավուրյան կարևոր կենտրոններից մեկը դարձնելու նպատակով և իմաստով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և հավելել. «Շատ հաճելի է Ձեզ տեսնելը: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Փարիզ այցելելու համար: Դուք գիտեք, որ դա շատ կարևոր էր ու շատ հուզիչ անձամբ ինձ համար և իմ ողջ ընտանիքի: Ցանկանում եմ Ձեզ հայտնել մեր երախտագիտությունը:

Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ես անգամ քվեարկել եմ Հայաստանում: Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար:

Անգամ երբ ճանապարհորդում ենք կամ հեռու ենք, միշտ հետևում ենք Հայաստանից ստացվող լուրերին և շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ շատ դրական է, երբ մենք արտասահմանում տեսնում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք եք իրականացնում»:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Ազնավուրը վարչապետին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք

Մեկնաբանել