Մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթ ենք անելու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ի առավոտյան Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի դուրս եկավ՝ հայտարարելով, որ մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթ են նախատեսում Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան։

«Այս երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակի, այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի և ապօրինության։ Այն նշանավորելու է այն հաղթանակը, որ Հայաստանում քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է։ Այդ օրը, իհարկե, մենք մեր հարգանքի տուրք կմատուցենք 2008-ի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հայտնեց, որ երթը կսկսվի մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին։ Փաշինյանը հանդես կգա ուղերձով։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը 2008թ․ մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում (Ֆոտոլուր)

Մեկնաբանել