ԵՊՀ ռեկտորը «ստում է», «լուծում է անձնական հարցեր», ըստ ԿԳ նախարարի

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Երևանի պետական համարսալանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը «լուծում է անձնական հարցեր»։ Նրա խոսքով՝ ԿԳՆ-ն չի խառնվել իրավապահների գործերին։

Նախարարն անդրադարձավ Արամ Սիմոնյանի՝ փետրվարի 19-ի ԵՊՀ-ի գիտական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ արած հայտարարություններին։ Սիմոնյանն ասել էր, թե իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել. «Ինձ հորդորել են հրաժարական տալ, որ սկսվեն հարյուրամյակի տոնակատարությունները, բարեփոխումները, որոնք ես իբրև թե չեմ անում»։

Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ Արամ Սիմոնյանը «ստում է». «Այն կեղծիքը, որ նա արեց գիտխորհրդի նիստի ժամանակ, վերջնականապես հաստատեց, թե ինչպիսի ղեկավար է նա եղել, ղեկավար է ու ուզում է լինել»:

Նախարարը մանրամասներ հայտնեց Սիմոնյանի հետ զրույցից. «Այդ զրույցի ժամանակ ես իմ մտահոգությունն եմ հայտնել և հորդորել, որ Սիմոնյանի մասնակցությունը չեմ պատկերացնում ԵՊՀ-ի հարյուրամյակի միջոցառումներին, որովհետև, ըստ էության, բոլոր այն խախտումները, նեգատիվը, որ կա համալասարանում, կապված է իր հետ՝ ուսանողների ու դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլենդուզի իջեցնելը, ամբողջն իր հետ է կապված»։

Ամեն դեպքում, նա վստահեցրեց, որ ԵՊՀ-ի հարյուրամյակը մեծ շուքով նշելու են։

«Սիրելի գիտխորհուրդ, Արամ Սիմոնյանը ձեզ ուզում է ներքաշել իր արած-չարածի տակ, ձեզ մոլորության մեջ են մտցրել»,- հայտնեց նախարարը` հավելելով, որ քաղաքական դրդապատճառներով որևէ մեկը չի հետապնդվում Հայաստանում, այդ թվում՝ Արամ Սիմոնյանը։ Ըստ Հարությունյանի՝ ներկայում նախարարությունում կան Հանրապետական կուսակցության անդամներ, որոնց հետ ինքն արդյունավետ աշխատում է։

Նա նաև անդրադարձավ ԵՊՀ-ում տեղի ունեցած չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերին.

«Այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, ես դրանց շուրջ մեկ անգամ եմ զրույց ունեցել բարձրաստիճան պաշտոնյայի` Դավիթ Սանասարյանի հետ, երեք նախադասություն ենք խոսել։ Ինձ համար սկզբունքային է, որ պետությունը, գործադիր իշխանությունը չմիջամտի իրավապահների գործողություններին»,- նշեց նախարարը։ Վերջինիս համոզմամբ՝ ԵՊՀ-ն այս խղճուկ վիճակում չպետք է լինի։

Փետրվարի 20-ին ոստիկանությունը հաղորդեց, որ չարաշահումներ է հայտնաբերել Երևանի պետական համալսարանում ու հարուցվել է քրեական գործ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել