Արցախի ՊՆ-ն հերքում է Աղդամի հատվածում հայկական անօդաչու թռչող սարքի խոցման լուրը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք։ ՊՆ հաղորդագրությունը՝ ստորև․

«Ս.թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:

Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են:

Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, <<պատահականորեն>> համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:

Եվ վերջում մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»:

Ադրբեջանական աղբյուրներում տարածված հաղորդագրության համաձայն՝ «հինգշաբթի ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ղարաբաղյան հակամարտության գոտում խոցել են Հայաստանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարք»։

Մեկնաբանել