«Լավրովի նախագիծը» կողմերից ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել․ Հոգլանդ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է․ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը, որն ընդգծել է՝ պետական ծառայությունից դուրս է եկել և ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում։

«Նիկոլ Փաշինյանը նոր սերունդն է ներկայացնում, նրան ընտրել է նույնպես նոր սերունդը: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, որովհետև ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում»,- ասել է դեսպանը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է, համոզված է նախկին համանախագահը։

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա, այլ հարցին քայլ առ քայլ մոտենա»,- ասել է նա։

Վերջին զարգացումները, այդ թվում կողմերի միջև ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը Ռիչարդ Հոգլանդին զգույշ լավատեսության առիթ են տալիս, սակայն լուրջ բեկում նախկին դիվանագետը խորհուրդ է տալիս չսպասել. «Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով»։

«Հիմնական տարբերությունը դա հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում, ներառյալ Բաքվի շուրջ կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծը, այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անց է կացվելու որևէ մի ժամանակ՝ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երևանը և թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»,- նշել է Հոգլանդը։

Դեսպանի կարծիքով՝ բացի կողմերի միջև եղած լուրջ անհամաձայնություններից տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

«Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրված են այս հարցի կարգավորմամբ: Կարծում եմ՝ Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է, որ այն կարգավորվի․ այս հարցի պատասխանը միանշանակ չէ»,- նկատել է դեսպանը։

Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարևոր լծակ:

Մեկնաբանել