Ինչպես են Սփյուռքի համայնքներն արձագանքել Թավշյա հեղափոխությանը․ քննարկում

Ինչպես են Սփյուռքի հայաշատ վայրերն արձագանքել 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը։ Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը պատրաստել է հոդվածների ժողովածու, որոնք անդրադառնում են այս խնդրին։

«Մենք մեզանով չենք հետաքրքրվում։ Հարկավոր է հասկանալ ոչ միայն այն, թե ինչ ենք մենք ուրիշի աչքում, այլև այն, թե ինչ ենք մենք մեր իսկ աչքում»,- տեղեկարգրում տեղ գտած հոդվածների կարևորությունն այսպես բնութագրեց կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։

Փետրվարի 22-ին ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ տեղեկագրի շնորհանդեսը։

Ներկայացնելով հայկական ցանցապետության իր առաջ քաշած տեսությունը և համանուն հոդվածը՝ Հովհաննիսյանը ցանցերը բաժանում է երեք տիպի. «Տեքստ և կենտրոն ունեցող ցանցեր, միայն կենտրոն ունեցող ցանցեր և միայն տեքստ ունեցող ցանցեր: Տեքստ և կենտրոն ունեցող ցանցը ամենահեշտ աշխատող, բայց միաժամանակ ամենախոցելի ցանցն է»:

Հովհաննիսյանի խոսքով՝ տեքստն այն է, ինչն արտահայտում է արժեքային հիմքը և ինքնությունը․ «Ի՞նչ բան է ինքնությունը: Այն հարցերի գումարը, որոնց դու պատասխանում ես: Ինչքան շատ հարցերի ես պատասխանում, այնքան ավելի հզոր է ինքնությունդ: Ինչքան շատ «լեզուներով» հարց ես հասկանում, որքան տարբեր սեմանտիկ համակարգերի ես տիրապետում, այնքան հզոր է ինքնությունդ»:

Տեղեկագրի հեղինակներից Նվարդ Մանասյանը, իր «Ցանցերում փոխարժեքային կամ սինտակտիկ հաղորդակցությունների շրջման հնարավոր կառուցվածքը» հոդվածում ներկայացնում է օրենքից դուրս (օրինազանց) հաղորդակցության տեսակները սոցիալական խմբերում և դրանց ազդեցությունը հաղորդակցության մյուս տեսակների վրա։

Ժողովածուում հոդված է հրապարակել նաև իրանագետ Աննա Գևորգյանը՝ Հայաստանի 2018թ․ գարնան իրադարձություններին Իրանի և իրանահայերի արձագանքի մասին։

«Հայաստանը Սփյուռքին հասանելի է դառնում կայքերի, բլոգների, սոցիալական ցանցերի միջոցով»,- նշում է Աննա Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Իրանի հայկական համայնքի ընկալումները Հայաստանի մասին մեծապես ավանդական կուսակցական և հատկապես դաշնակցական պրիզմայով են անցնում․ «Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պատահական չի կարելի համարել, որ Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխության օրերին նույնպես, Իրանի հայկական համայնքը նախ լուռ էր, հետո անհանգիստ անորոշ փոփոխությունների մոտալուտ գալիքից, իսկ հետո, ի դեմս, Հայ Յեղափոխական Դաշնակցության, իրեն շարժման աջակից էր համարում։ Թվարկածս փուլերի ընթացքում իրանահայկական մամուլում սկզբում բացակայում են, իսկ հետո հայտնվում հիշատակումներ ՀՀ իրադարձությունների մասին, հատկապես դաշնակցական «Ալիք» օրաթերթում ու այլ լրատվամիջոցներում»։

Տեղեկագրում հրապարակված մյուս հոդվածներն անդրադառնում են Մոսկվայի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայկական համայնքների արձագանքներին 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը։

Հոդվածների ժողովածուն հասանելի է այս հղումով։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել