Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով

Մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Մենք հիմա քաղաքապետարանի հետ դիտարկում ենք տարբերակ, որ կառուցենք Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների: Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից եմ և ժամանակին մասնակցել եմ մետրոյի շինարարությանը: 40 տարի անց վերադառնալով՝ ցանկություն ունեմ շարունակել այս գործը»,- ասում է Արսեն Իսկանդարյանը:

«Հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ»,- ասել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետև ծրագիրը շատ լուրջ է և շատ կարևոր երևանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:

Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:

***

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երևանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ:

Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:

Մեկնաբանել