Հունվարին տնտեսությունն ակտիվացել է 6,1 տոկոսով

2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ տնտեսական ակտիվությունը կազմել է 6,1%․ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները։

Համաձայն դրանց, արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ մի փոքր նվազել է՝ 0,4%-ով, իսկ շինարարության և առևտրաշրջանառության ծավալները տպավորիչ աճ են արձանագրել՝ համապատասխանաբար 22,1% և 19,3%։

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում նույնպես փոքր անկում է նկատվում։ Հայաստանի արտաքին առևտուրը 2019-ի հունվարին կազմել է 463 մլն դոլար, ինչը 0,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատված ցուցանիշից։ Ընդ որում, առավել մեծ անկում է ապրել արտահանումը՝ 15,8%-ով, իսկ ներմուծումը նվազել է 3,3%-ով։ 2018-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումն աճել էր 45,2%-ով, ներմուծումը՝ 48,9%-ով։

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2018-ի հունվարի համեմատ աճել է 4,1%-ով։ Այդ աճը հիմնականում պետական հատվածում աշխատավարձերի աճի շնորհիվ է․ այստեղ աշխատավարձի աճը կազմել է 6,5%, ոչ պետական հատվածում՝ 1,8%:

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել