Հայ-իրանական օրակարգը փոխվե՞լ է․ Նիկոլ Փաշինյանի իրանական այցին ընդառաջ

Փետրվարի 27-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հայաստանյան Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին բարձրաստիճան այցն է Իրան։ Հեղափոխությունից հետո անդրադառնալով արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծեց հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները է՛լ ավելի բարձր մակարդակի բարձրացնելու իր նպատակը։ Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու Հայաստանի կառավարությունը չարձագանքեց Իրանի մասին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանը «100 տոկոսով առաջնորդվում է իր ազգային շահերով», և «պետք է առանձնահատուկ հարաբերություններ ունենա Իրանի և Վրաստանի հետ»։

Ուշացա՞ծ է արդյոք Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան՝ հաշվի առնելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները։

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ սովորաբար բարձր մակարդակի այցեր կազմակերպելիս, առավել ևս, որ այցը պաշտոնական է, հաշվի են առնվում երկու երկրների ներքին իրադրությունն ու արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը:

Արմեն Իսրայելյան – Այդ համատեքստում էլ, ըստ ամենայնի և՛ Իրանի, և՛ Հայաստանի համար նպատակահարմար է եղել այցը կազմակերպել այն ժամկետում, որի վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարվել է։

Հեղափոխությունից երեք ամիս անց Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որը թեև ճանաչողական հանդիպում էր, սակայն արդյունավետ էր ընթացքում հնչած ուղերձների տեսանկյունից։

Այս առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը տեղի է ունենում այս օրերին։ Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո, ապա, ես կարծում եմ, որ հանդիպումները կլինեն ավելի արդյունավետ, իսկ հայ-իրանական օրակարգի շուրջ պայմանավորվածությունները՝ ավելի առարկայական: Նյու-Յորքում Փաշինյան-Ռուհանի հանդիպման ընթացքում արված հայտարարությունները, ինչպես նաև դրանից հետո Իրանի և Հայաստանի ղեկավարների շնորհավորական ուղերձներում հնչած մեսիջները վկայում են, որ կողմերն ունեն քաղաքական կամք շարունակելու ինչպես ընթացքում գտնվող ծրագրերի իրականացումը, այնպես էլ նախաձեռնելու նոր ծրագրեր:

ԵՏՄ, Իրան և Հայաստան

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունները բաժանեց երեք մասի՝ քաղաքական հարաբերություններ, երկկողմ տնտեսական հարաբերություններ և Եվրասիական տնտեսական միության ու Իրանի հարաբերություններ։ Մատնանշելով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետն ասաց, որ այդ մեխանիզմի գործարկումը էական փոփոխություն կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։

Ինչպե՞ս կարող է այդ համաձայնագիրը փոխել երկկողմ տնտեսական կապերը։

Արմեն Իսրայելյան – Հաշվի առնելով ՀՀ-ի՝ Իրանին սահմանակից լինելու հանգամանքը՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը, Հաաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրամիության առաջարկած GSP+ համակարգի ընձեռած հնարավորությունները, Հայաստանը բավական շահեկան դիրքում է գտնվում՝ լայն հնարավորություններ ունենալով կամուրջ դառնալ ինչպես Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ Իրանի և Եվրոպայի:

Անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական կապերին՝ նկատենք, որ Իրանն իր արտադրողին պաշտպանելու նպատակով բարձր մաքսատուրքեր է սահմանում, որոնց պարագայում պարզապես ձեռնտու չի լինում ապրանքներ արտահանել Իրան: Սովորաբար Իրան-Հայաստան 300 միլիոն առևտրաշրջանառության մեծ մասը բաժին է ընկնում է Իրանից Հայաստան ներկրմանը, ուստի Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, հնարավորություն կունենա մեծացնել հայկական ապրանքատեսակների արտահանման ծավալները, ինչը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Բացի այդ՝ երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումն իր հերթին կնպաստի Մեղրիի ազատ տնտեսական գոտու լիարժեք գործունեությանը:

Ամերիկյան պատժամիջոցներն Իրանի դեմ ու Հայաստանը

2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել էր Հայաստան։ Դա 1997-ից ի վեր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին այցն էր Երևան։ Ամերիկացի պաշտոնյան հանդես եկավ մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Ո՞րն էր Բոլթոնի այցի նպատակը։ Վերլուծաբանների կարծիքով՝ շոշափել կովկասյան երկրների դիրքորոշումները և այն, թե որքանով կարող են օգտակար լինել Իրանի մեկուսացման տեսանկյունից։

Այս համատեքստում փոխվել է արդյոք հայ-իրանական օրակարգը և եթե այո՝ ինչպե՞ս։

Արմեն Իսրայելյան – Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների գործոնը շատ հաճախ գերագնահատվում և պատժամիջոցների հետապնդած նպատակների վերաբերյալ սխալ մեկնաբանություններ են տրվում՝ հատկապես, երբ փորձ է արվում ամերիկյան պատժամիջոցներն ուղիղ կապել հայ-իրանական հարաբերություններին:

Ասել, թե ամերիկյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդում տնտեսական միջավայրի վրա, իհարկե սխալ է, սակայն ինչպես ցույց տվեց 2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնությունը, այն առանձնապես որևէ ազդեցություն չունեցավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, այսինքն, երբ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեծ մասը չեղարկված էին, մեր երկու երկրների միջև այդ պայմաններում որևէ լուրջ նախագիծ չիրականացվեց և առևտրաշրջանառության աճ չնկատվեց, ուստի, իմ կարծիքով, խնդիրն այլ տեղ պետք է փնտրել:

Ինչ վերաբերում է հայ-իրանական օրակարգին, ապա այն հիմնականում վերաբերում է էներգետիկային և տրանսպորտին: Եվ Հայաստանի սուվերեն իրավունքն է այդ ոլորտներում գտնել այլընտրանքային ճանապարհներ։ Բացի այդ, այժմ իրավիճակն այլ է, և տարբերվում է մինչև 2015թ. Գոյություն ունեցած իրավիճակից: Ներկայում Եվրամիությունն Իրանի հետ տնտեսական համագործակցության հարցում ԱՄՆ-ից տարբերվող դիրքորոշում ունի: Ուզում եմ հստակեցնել, որ խոսքը վերաբերում է միայն միջուկային համաձայնության շրջանակներում համագործակցությանը, իսկ դրանից դուրս Եվրամիությունն այսպես ասած համակարծիք է Իրանին առնչվող ԱՄՆ մտահոգություններին:

Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղղակի առևտրային համագործակցություն գոյություն չունի, այնինչ՝ եվրոպական առաջատար երկրները, ինչպիսիք են՝ Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Իտալիան գտնվում են Իրանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում: Այդ համատեքստում Հայաստանը պետք է փորձի Իրանի հետ տնտեսական համագործակցությունը կառուցել՝ հաշվի առնելով Իրան-Եվրոպա համագործակցությունը:

Ամերիկյան պատժամիջոցների տեսանկյունից ի՞նչ է ակնկալում Իրանը Հայաստանից։

Արմեն Իսրայելյան – Ինչպես նշված է կառավարության ծրագրում՝ Իրանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական ազդեցություններից: Կարծում եմ՝ դա շատ լավ պետք է ընկալի և՛ իրանական, և՛ ամերիկյան կողմը: Այսինքն՝ եթե որևէ իրանական ընկերության նկատմամբ պատժամիջոց է սահմանվում, ապա դրա հասցեատերը Հայաստանը չէ, դա բացառապես վերաբերում է Իրանին և ԱՄՆ-ին: Օրինակ, եթե անդրադառնում ենք բանկային ոլորտին, ապա ՀՀ բանկերը՝ որպես միջազգային բանկային համակարգի մի մաս, պարզապես գործում են միջազգային ընդունված նորմերին համահունչ, այստեղ իրանական կողմը պետք է քայլեր կատարի և վավերացնի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի (CFT) մասին օրինագիծը, որն այն նախապայմաններից մեկն է, որի բավարարումից հետո Իրանը հնարավորություն կունենա միանալ Փողերի լվացման դեմ պայքարով զբաղվող ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին՝ FATF-ին:
Այսպիսով, այն ոլորտներում, որտեղ որ Հայաստանի գործողությունները չեն հակասի իր ստանձնած միջազգային պարտավորություններին, փոխադարձ շահերի հիման վրա Հայաստանը կարող է համագործակցել Իրանի հետ:

Բոլթոնի հայաստանյան այցը քիչ բան տվեց

Ամերիկյան քաղաքականության հարցերով խորհրդատու Էրիկ Հակոբյանը, որն ունի այդ ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ, նշում է՝ հայաստանյան այցը քիչ բան տվեց Բոլթոնին, և նրան չհաջողվեց ստիպել Փաշինյանին որդեգրել թշնամական կեցվածք Իրանի կառավարության դեմ․ ՀՀ վարչապետի առաջիկա այցը դրա վառ ապացույցն է։

«Բոլթոնն ու Թրամփի վարչակազմը Հայաստանում առերեսվեցին նույն խնդրին, ինչ աշխարհի շատ այլ երկրներում։ Նրանք կարող են օգտագործել Գանձապետարանի պատժամիջոցներն Իրանի դեմ՝ ներդրողներին ու մեծ ընկերություններին ստիպելով միանալ դրանց, այդուհանդերձ, Ծոցի արաբական երկրներից ու Իսրայելից բացի այս ծրագրին ոչ մի այլ պետություն չի միանում»,- ասում է Էրիկ Հակոբյանը։

Ղարաբաղյան հարցն ու Իրանը

Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական ու նաև իրանական մամուլում տեղ են գտնում հրապարակումներ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Թեհրանի դիրքորոշման վերաբերյալ իրանցի այս կամ այն պաշտոնյայի հայտարարության առնչությամբ։

Իրանի ավանդական դիրքորոշման մեջ որևէ բան փոխվե՞լ է այս հարցում։

Արմեն Իսրայելյան – Իրանն առաջին երկիրն է, որն Արցախյան հակամարտության հարցում վարել է միջնորդական առաքելություն։

Զինադադարի հաստատումից հետո Իրանը մշտապես վարել է հավասարակշռված քաղաքականություն, Թեհրանը չեզոք դիրքորոշում որդեգրեց նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ:

Թերևս հայ-իրանական սահմանը (նկատի ունեմ նաև Արցախը) Իրանի միակ անվտանգ սահմանն է, և Իրանում որոշումներ կայացնողները սա շատ լավ գիտակցում են:

Ինչ վերաբերում է իրանցի այս կամ այն պաշտոնյայի հայտարարությանը, ապա դա պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարելու տիրույթում: Սովորաբար Իրանն Արցախի հարցում այսպես ասած ադրբեջանամետ հայտարարություն անում է հենց Ադրբեջանի տարածքում, և հետաքրքիր զուգադիպությամբ Իրանն Ադրբեջանի տարածքում զերծ է մնում հակաիսրայելական հայտարարություններից:

Սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է անուշադրության մատնի նման հայտարարությունները: Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվ աշխատում է Իրանում ադրբեջանամետ լոբբինգ ապահովելու ուղղությամբ: Օրինակ թյուրքախոս նահանգներից ընտրված որոշ պատգամավորներ ժամանակ առ ժամանակ աչքի են ընկնում ադրբեջանամետ հայտարարություններով, որոնք թեև չեն արտահայտում պաշտոնական դիրքորոշումը, սակայն այնուամենայնիվ ազդում են հասարակական կարծիքի վրա:

Այս առումով Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը մեծ անելիք ունի: Իրանցի խորհրդարանականների հետ սերտ կապեր հաստատելու միջոցով ոչ միայն ԻԻՀ գործադիր իշխանության մոտ կարելի է ընդգծել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանի կարևորությունը, այլև այդ կապերի շնորհիվ չեզոքացնել Հայաստանին և Արցախին սպառնացող այնպիսի գործընթացներ, որոնք ուղղակի և անուղղակի աջակցություն են ստանում Ադրբեջանի կողմից:

Կարո՞ղ է Վաշինգտոնը ճնշում բանեցնել Երևանի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից։

Էրիկ Հակոբյանի դիտարկմամբ՝ այս առումով էլ Թրամփի վարչակազմը գործողությունների քիչ տարածք ունի։

Նա ասում է՝ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և Թրամփի վարչակազմը չի կարող ղարաբաղյան հարցում Վաշինգտոնի քաղաքականության էական փոփոխության գնալ և բացահայտ հակահայկական գիծ որդեգրել։

«Վարչակազմի հիասթափությունը Փաշինյանի իրանական քաղաքականությամբ կարող է արտացոլվել Հայաստանին ԱՄՆ-ի կառավարության և առաջատար ֆինանսական կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ) կողմից տրամադրվող պակաս ֆինանսական օժանդակությամբ։

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ազդեցությունը ղարաբաղյան հարցում չի կարելի համեմատել․ Վաշինգտոնը տարածաշրջանում հեռակա խաղորդ է, մինչդեռ Ռուսաստանը ամբողջ տարածաշրջանը համարում է մերձավոր արտերկիր։ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում շատ ավելի մեծ խնդիրներ կարող է հարուցել, քան ԱՄՆ-ը»,- շեշտում է ամերիկյան քաղաքականության հարցերով խորհրդատուն։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Նյու Յորքում, 2018թ․ սեպտեմբերի 26

Մեկնաբանել