Հայաստանի Զինված ուժերը պետք է որդեգրեն ավելի առաջանցիկ գործելաոճ

Հայաստանի պաշտպանության նախարարը ծավալուն հարցազրույց է տվել քաղաքագետ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի գիտաշխատող Թալին Փափազյանին։ Հարցազրույցն արվել է անգլերենով, ս.թ. հունվարի 21-ին՝ Երևանում։

Մինչ հարցազրույցի հրապարակումը Թալին Փափազյանը նշանակվել է ՊՆ ռազմավարության և քաղաքականության մշակման հարցերով խորհրդական։

Նախարարի տեսլականի մասին

– Դուք Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն եք, որ հրապարակել է զինված ուժերի և պաշտպանության ոլորտի գործունեության և զարգացման իր տեսլականը ներկայացնող պաշտոնական փաստաթուղթ։ Ի՞նչ նպատակով եք դա արել, և ինչպիսի՞ն են արձագանքները։

– Իսկապես, Հայաստանում բացակայել է նման փորձառությունը, բայց շատ երկրներում դա սովորական պրակտիկա է: Ես հետևել եմ լավագույն փորձին, որովհետև ըստ իս, կարևոր է, որ պաշտպանության նախարարը, որը ղեկավարում է երկրի ամենաառանցքային գերատեսչություններից մեկը, հրապարակի իր տեսակետները և ցույց տա պաշտպանական քաղաքականության այն կողմնորոշիչները, որոնք առնչվում են լայն հանրությանը։ Նախևառաջ, դա հասարակության նկատմամբ պատասխանատվության և հաշվետվողականության դրսևորում է։ Երկրորդ, սա լրացուցիչ խողովակ է, որը կապահովի հանրության հետ հետադարձ կապը և կգնահատի արձագանքները: Երրորդ, սա քաղաքական հանձնառություն է այն իմաստով, որ սահմանում ես ռազմավարական ուղղություններն ու կանխատեսումները խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրի հիման վրա:

– Փաստաթուղթը սահմանում է զինված ուժերի և պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, բարեփոխումները և քաղաքականությունները ռազմավարական առումով, ինչպես նաև տնտեսական, արդյունաբերական, մարդու իրավունքների, և վերջիվերջո՝ բարոյահոգեբանական տեսանկյուններից: Կարո՞ղ եք նշել դրանում տեղ գտած հիմնական երեք կետերը:

– Եթե առանձնացնելու լինեմ երեք բան, կասեմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է ավելի ակտիվ և թելադրող լինեն ռազմավարական և քաղաքական այս միջավայրում։ Երկրորդ, պետք է ավելի նորարարական լինեն լուծումներ գտնելու հարցում։ Եվ երրորդ՝ պատրաստ լինեն ցանկացած հանգամանքներում օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվանագիտական ձեռնարկումներին։ Զինված ուժերը պետք է զարգանան հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին համընթաց:

Հատկապես նոր սերունդը Զինված ուժերն ընկալում է որպես չափազանց ծանրաշարժ, խորհրդային ոճի, այս իմաստով՝ հնացած կառույց: Սակայն հասարակության շրջանում վերափոխումները անդրադառնում են նաև բանակի վրա: Երբեմն նրանք օգնում են մեզ ավելի բարելավվել և առողջ դառնալ, երբեմն էլ շեղում են խնդիրներից: Օրինակ, քաղաքային բնակչության մի մասի մոտ պացիֆիստական տրամադրություններ կան, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ բանակի վրա։ Անկախ անձնական ցանկություններից՝ իմ խնդիրն է անել այնպես, որ մարդիկ պատրաստ լինեն հնարավոր պատերազմին: Իմ դիտանկյունից, խաղաղությունը դեռ հեռավոր իրականություն է:

Բանակի խնդիրների մասին

– Միջազգային հանրապետական ինստիտուտում (IRI) հունիս-օգոստոս ամիսներին անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության «ի՞նչ պետք է Փաշինյանի կառավարությունը անի առաջիկա վեց ամիսների ընթացքում» հարցին հարցվածների ութ տոկոսը պատասխանել է` «լուծի բանակի խնդիրները»։ Հարցման մասնակիցների վեց տոկոսի պատասխաններում ևս բանակի խնդիրները երկրի առաջնահերթ երեք հիմնախնդիրների թվում են: Ի՞նչ տեսակի հիմնախնդիրներ նկատի ունեն հարցվողները և որո՞նք են հնարավոր լուծումները:

– Պետք է դիտարկել խնդիրների լայն շրջանակ՝ սկսած նյութատեխնիկականից մինչև բանակում մարդու իրավունքները: Չկա որևէ խնդիր, որ անտեսենք: Իրատեսորեն, կան բաներ, որոնք մենք կարող էինք և արդեն բարելավել ենք։ Մյուսների ուղղությամբ շարունակում ենք աշխատել։ Որոշ խնդիրների կարգավորումն էլ շարունակվում է, չնայած դրանց լուծումը երկարաժամկետ հեռանկարում է՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների սղությունը: Օրինակ, այս ամսվանից արդեն զինվորներին կտրամադրվի որակյալ ներքնազգեստ՝ նախկին մեկանգամյա օգտագործման վատորակի փոխարեն:

Վերջին շրջանում հանրային բանավեճը կենտրոնացել է «ոչ մի երեխա առաջնագծում» կարգախոսի վրա: Որպես պաշտպանության նախարար՝ ես կարծում եմ, որ դա իրավիճակի ոչ ադեկվատ ընկալում է: Հասարակությունը պետք է գիտակցի, որ երբ մարդը առաջնագծում է կամ ընդհանրապես բանակում, նա այլևս երեխա չէ, այլ պարտականություններ ունեցող զինվոր: Հասարակության մեջ թյուրըմբռնում կա, որ երիտասարդ զորակոչիկներն անպատրաստ են ուղարկվում սահման: Դա բացարձակապես այդպես չէ, նրանք կոնկրետ առաջադրանքին համարժեք պատրաստություն են անցնում: Ավելին, նրանք գտնվում են ավելի փորձառու սպաների և սերժանտների անմիջական հսկողության ներքո: Առաջնագծի առաջադրանքները պատշաճ կերպով կատարելը տարիքային հարց չէ, դա պատրաստվածության և գործելուն պատրաստ լինելու հարց է: Նորակոչիկների ուսուցումը երկու առումով էլ նրանց հմուտ է դարձնում։

Սահմանում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու մասին

– Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս «Ազատության» հետ զրույցում առաջարկ ներկայացրեց, որ դիրքերում երիտասարդ ժամկետային զինվորներին պետք է փոխարինել պրոֆեսիոնալ զինծառայողներով՝ ավելի բարձր աշխատավարձով։ Ի՞նչ կասեք սրա մասին։

– Ես այդ առաջարկը դեռ իրատեսական չեմ համարում՝ առնվազն բնակչության թվաքանակի և մեր տնտեսական հնարավորությունների առումով, որոնք լրջորեն սահմանափակում են մրցակցային աշխատավարձերի չափը: Նույնիսկ եթե մենք կարողանանք այդ պրոֆեսիոնալներին գրավիչ աշխատավարձեր ապահովել, նրանց թիվը բավարար չէ բոլոր մարտական դիրքերը համալրելու համար: Ես, բնականաբար, բաց եմ այդ պաշտոնյաների կողմից առաջադրված առաջարկները կամ գաղափարները քննարկելու համար, սակայն այս հարցում էական խոչընդոտներն ակնհայտ են նույնիսկ առանց շատ խորամուխ լինելու։

Մեր աշխատանքին պետք է նայել ավելի լայն համայնապատկերով։ Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը գործ ունեն բազմակողմանի մարտահրավերների, երբեմն՝ անքակտելի բարդ խնդիրների հետ: Մենք գտնվում ենք չափազանց խստապահանջ անվտանգության միջավայրում, և մեր արձագանքը պետք է համահունչ լինի ժողովրդագրական մեր համեստ ռեսուրսներին: Ժողովրդագրական այդ սահմանափակումներից մի քանիսը երկարաժամկետ առումով բխում են հենց այդ անվտանգության իրավիճակից: Մյուս կողմից, մեզ խիստ անհրաժեշտ է կայուն տնտեսական զարգացում, ինչին դժվար է հասնել առանց բացարձակ կենսակայուն անվտանգության: Այդ իսկ պատճառով՝ Հայաստանի նախկին և ներկա կառավարությունները շատ մեծ ջանքեր են ներդրել և ներդնում պաշտպանության ոլորտում՝ ՀՆԱ-ի մոտ 4,5 տոկոսը ուղղելով պաշտպանունակությանը: Սա թույլ է տալիս երաշխավորել մեր անվտանգության կայունությունը նույնիսկ մեզ համար մշտական դարձած ամենառիսկային կոնֆիգուրացիաներում:

Բանակի նկատմամբ վստահության մասին

– Ձեր տեսլականում նշում եք, որ հասարակությունը պետք է բացարձակ վստահություն ունենա բանակի հանդեպ: Հասարակության անվստահության գործոններից են կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ոչ մարտական հանգամանքներում սպանությունները/վիրավորումները, ռեսուրսների սխալ կառավարումը: Ի՞նչ է արվում, և ի՞նչ եք մտադիր անել այդ հարցերի վերաբերյալ:

– Որպես ընդհանուր սկզբունք ուզում եմ ընդգծել այն փաստը, որ բանակը Հայաստանում շատ զգայուն թեմա է, և դրա մասին շատ է խոսվում։ Հայ հասարակությունը բավական ռազմականացված է՝ զինված ուժերի անձնակազմի և ընդհանուր բնակչության հարաբերակցության առումով: Ամեն տարի նախարարության կողմից զորակոչված և ծառայությունից արձակված ժամկետային զինծառայողների միջին թիվը տասնյակ հազարների է հասնում, որը շատ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար: Ուստի զարմանալի չէ, որ բանակը հանրության ուշադրության կենտրոնում է, և այն ամենը, ինչն առնչվում է բանակին, ավելի մեծ արձագանք է ստանում, քան որևէ այլ խնդիր: Այդ ընթացքում, պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ հնարավորինս թափանցիկ և չի խուսափում անգամ որոշ բացասական հրապարակայնությունից:

Ես հանձնառու եմ էլ ավելի բարձրացնել թափանցիկության մակարդակը մեր անվտանգության չափորոշիչներով թույլատրելի ոլորտներում և սահմաններում։ Օրինակ, ես ուզում եմ լույս սփռել մեր պատրաստության ձևերի և եղանակների վրա: Ես հանձնառու եմ ավելացնել թափանցիկությունը և կանխատեսելիությունը գնումների գործընթացում: Դա կոռուպցիայի դեմ պայքարի միջոց է: Բայց ուզում եմ ընդգծել մի հանգամանք, որը կարող է անտեսվել հանրության կողմից. պարտադիր զինվորական ծառայության համակարգում լինելը, ինչպիսին մերն է, թափանցիկության բարձր մակարդակի ապահովման լավագույն միջոցն է, քանի որ ծնողների և զինվորների միջև կա օրգանական կապ, որը ինձ և ընդհանրապես Զինված ուժերին աչալուրջ վերահսկողության տակ է պահում։ Մենք յուրատեսակ փոխկապվածության մեջ ենք, ինչը չես ասի պրոֆեսիոնալ բանակների և իրենց հասարակությունների մասին։

Բռնությունների մասին

– Պաշտպանության նախարարությունն ինչպե՞ս է կարողանում պահել հանրային վստահությունը, և զբաղվել հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներով:

– Նախարարությունում մենք ունենք խումբ, որը պատասխանատու է հանրային դժգոհություններին առնչվող տեղեկատվության հավաքման և վերլուծության համար: Մենք ունենք նաև Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն, որի ղեկավարը անմիջականորեն ենթարկվում է նախարարին: Այդ հարցերի շուրջ շփումներ առկա են ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության հետ, բայց ես չէի ասի, որ դրանք բավարար են: Օրինակ, բանակում ինքնակոչ առաջնորդների և ոչ կանոնադրական հարաբերությունների հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է:

Քննադատություններն իրավաչափ են, և ուրախ եմ, որ դրանք գոյություն ունեն։ Բայց ակնկալիքները պետք է իրատեսական լինեն. աշխարհում չկա բանակ, որտեղ նման բաներ չեն պատահում, և դրանք լիովին վերացնելը պարզապես անհնար է: Ագրեսիվ դրսևորումներ կան ոչ միայն բանակում, այլև փողոցում, դպրոցում և այլուր: Մեր քննադատները պետք է հասկանան նաև անվտանգության միջավայրը, որում մեր զինվորները ծառայում են, ինչը ֆիզիկապես շատ բարդ է: Ծառայության ծանրաբեռնվածության պատճառով որոշ երիտասարդներ կարող են երբեմն միմյանց հանդեպ ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Այս հարցերով ՀԿ-ներում աշխատող մարդիկ շատ հաճախ հենց իրենք չեն անցել զինվորական ծառայություն, հետևաբար, անձամբ չեն զգացել գործնական և ինստիտուցիոնալ այն միջավայրը, որում տեղի են ունենում բանակային փոխհարաբերությունները:

Բռնությունների դեպքերն աստիճանաբար նվազում են, նվազում է նաև հանդուրժողականությունը նորակոչիկների հանդեպ բռնությունների նկատմամբ: Մենք աշխատում ենք զինակոչիկների կրթության բարելավման ուղղությամբ, ուսուցանում ենք բանակում նրանց իրավունքներն ու պարտականությունները, որոնք այդ համատեքստում որոշակիորեն տարբեր են սովորական քաղաքացիների իրավունքներից ու պարտականություններից: Արդյունքները միանգամից չէ, որ երևում են:

Զինված ուժերի բարոյական չափանիշների մասին

– Հայաստանի նման երկրում, որտեղ բնակչությունը փոքր է, բյուջեն՝ համեստ, իսկ իրավիճակը՝ պատերազմական՝ լինի դա բացահայտ կամ սքողված, արդյունավետ զինված ուժերի հույժ անհրաժեշտություն կա՝ զինված ուժերի բարոյական չափանիշների խիստ կարևորությամբ: Կարո՞ղ եք ներկայացնել բարոյական այդ չափանիշների բաղադրիչները, և ինչպե՞ս եք պատրաստվում դրանք բարձրացնել:

– Բանակում բարոյական չափանիշների բարձրացումը համապարփակ ծրագիր է, որն անցնում է կրթությունից դեպի կարգապահություն, ընդհուպ մինչև յուրաքանչյուր անհատի միջանձնային վարքագիծ: Դա երկարաժամկետ աշխատանք է: Հիմքը կրթությունն է: Երկրորդը մեր զորքերին ճիշտ ոգի ներարկելն է: Դա անելու ժամանակը պարտադիր զինվորական ծառայությունն է․ երկու տարի երիտասարդները ծառայում են և բանակում շատ բան են սովորում՝ կարգապահություն, աշխատանք, վստահություն, հոգատարություն, նվիրվածություն իրենց վստահված առաքելությանը: Զինվորներին պատրաստող հրահանգիչները անում են ամենը, որ զորակոչիկները ապագայում դառնան լավ պահեստազոր կամ բարձր արհեստավարժությամբ զինվորականներ: Ժամկետային զինծառայողը, ինչպես նաև արհեստավարժ զինվորը, պետք է իր առաջադրանքին վերաբերվի որպես առաքելության, այլ ոչ թե պարտականության:

Վերջին տարիներին մենք նկատում ենք կամայականության, ավելի քիչ կրթության և կարգապահության, բայց մյուս կողմից՝ իրավունքների մասին ավելի շատ իրազեկվածության՝ ծառայության մեջ ներթափանցման միտում: Դրա մեջ առկա է լավը այն իմաստով, որ երիտասարդը տեղյակ է իր իրավունքների մասին: Բայց պարտավոր ենք նաև այս գիտելիքները ներդնել բանակի համատեքստում: Զինված ուժերը հիանալի միջավայր է տարբեր տիրույթներում իրենց ունակությունների առավելագույն չափով և կարգապահ կերպով երկրին ծառայելու համար ավելի լավ քաղաքացիներ պատրաստելու համար:

– Այս ամենի լավատեսական կողմը նշելով՝ ասեմ, որ IRI-ի նույն այդ զեկույցում հարցվածների 74 տոկոսը նշել է, որ բանակի մասին դրական կարծիք ունի, ինչը բանակին դարձնում է երկրորդ ամենադրական վարկանիշ ունեցող ինստիտուտը՝ վարչապետից հետո, իսկ 2018 թ. նոյեմբերին այդ ցուցանիշը հասել է 81 տոկոսի:

– Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, երբեմն նույնիսկ ավելին՝ այդ վստահությանը արժանի լինելու համար։ Այդպես էլ շարունակելու ենք: Հասարակության մի մասը իրատեսական պատկերացում չունի բանակի մասին, և թե ինչպիսին պետք է այն լինի, քանի որ բնականաբար ոչ ոք չի ուզում իր որդուն տեսնել խրամատներում: Բայց նրանք անտեսում են այն լավը, որ բանակը տալիս է այդ երիտասարդներին: Ծնողները նույնպես պատասխանատու են իրենց երեխաներին զինվորական ծառայության համար բարոյապես դաստիարակելու համար՝ կրկին որպես առաքելություն: Ես իրոք հասկանում եմ, որ ծնողները փորձում են պաշտպանել իրենց զավակներին հնարավոր վտանգներից, բայց երբեմն ուղղակի երեխաներին բացասաբար են «ծրագրավորում» ծառայության նկատմամբ։ Մինչդեռ, ըստ էության, կարելի է նկատել, որ զինծառայություն անցածները հիմնականում բացասաբար չեն հիշում ծառայությունը, իսկ նույն ծնողն իր զավակի զորացրվելուց հետո ամենուրեք միայն հպարտությամբ է նշում այդ ծառայությունը խիստ և դժվար պայմաններում անցկացնելու մասին։

Բանակում կոռուպցիայի մասին

– «Անդրանիկ» որակվող նախաձեռնություններից էր նաև Ձեր տեսլականում հնչեցված խիստ հայտարարությունը Զինված ուժերում և պաշտպանության ոլորտում կոռուպցիայի մասին, ըստ որի՝ «Կոռուպցիան կրկնակի աղետ է ռազմական բնագավառում»: Կոռուպցիան միշտ եղել է բազմաթիվ խոսակցությունների ու ենթադրությունների թեմա, սակայն վերջին ամիսներին Հայաստանի պետական կառույցներում կոռուպցիայի մակարդակը դարձել է ավելի կոնկրետ՝ ուշագրավ հակակոռուպցիոն գործողությունների շնորհիվ: Ի՞նչ կարելի է անել այդ խնդրի վերաբերյալ:

– Զինված ուժերում և պաշտպանության ոլորտում կոռուպցիայի հաղթահարումը շատ դժվար է: Պետք է հաշվի առնել, որ անբավարար աշխատավարձերը, նկատի ունեմ, որ դրանք անբավարար են ընտանիքի նորմալ ապրուստն ապահովելու համար,- այս ոլորտի թիվ մեկ կոռուպցիոն ռիսկի գործոնն է, ինչպես մնացած պետական հաստատություններում: Այս տարի կառավարությունը որոշել է չբարձրացնել աշխատավարձը, այն տրամաբանությամբ, որ առաջին հերթին պետք է զարկ տալ տնտեսական աճին, այնուհետ համապատասխանաբար բարձրացնել աշխատավարձերը: Այնպես որ, մեր համակարգում ևս աշխատավարձերը նույնն են մնացել: Կոռուպցիայի նվազեցման նպատակով ես կողմնակից եմ փափուկ վերափոխումների՝ գործընթացների և ներքին ստուգումների միջոցով, ի տարբերություն բիրտ փոփոխությունների: Ես վստահ եմ, որ եղածով էլ մենք կարող ենք լավ արդյունքներ ստանալ։ Օրինակ, ներքին վերակազմավորումների, որոշակի հաստիքների կրճատումներով որոշ պաշտոններում արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գործառույթների կրկնությունը բացառելու միջոցով մենք կարող ենք որոշակիորեն բարձրացնել աշխատավարձերը։ Դա հեշտ գործ չէ: Այսօրվա դրությամբ նպատակ ունեմ ներկայիս տնտեսական պայմաններում ունենալ աշխատավարձի տարեկան տասը տոկոս աճ:

Կոռուպցիոն երկրորդ ռիկսը անբավարար ռեսուրսներ ունենալն է: Հայաստանում մենք ունենք հազիվ երեք միլիոն բնակչություն, 45 000 հոգի՝ պաշտպանության ոլորտում և զինված ուժերում՝ 633 միլիոն դոլար բյուջեով, և այս տարի դա բարձր ցուցանիշ է։ Մեր ՀՆԱ-ի մոտ 4,5 տոկոս կազմող այս մասնաբաժինը գումար է, որը չի ուղղվում կրթության, մշակույթի կամ սոցիալական բարեկեցությանը: Դա մեր հասարակության համար շատ ծանր բեռ է, և դեռ բավարար էլ չէ։ Այսպիսով, նույնիսկ ռեսուրսների օգտագործման լավարկմանը զուգահեռ, այն երբեք չի կարող բավարար լինել դրանց սակավությանը հակակշռելու համար:

Պաշտպանական ծախսերի մասին

– Այս տարի որո՞նք են պաշտպանական ծախսերի հիմնական տողերը:

– Անձնակազմ, տեխնիկա և ռազմական գնումներ: Մենք ակնկալում ենք Ռուսաստանից վարկ ստանալ նոր սպառազինություն ձեռք բերելու համար: Մեր նպատակների թվում է օդային գերակայությունը։ Հետևաբար, գնումների և վարկի միջոցով մենք փոխարինում ենք մեր հին օդային տորմիղի մի մասը ռուսական նոր արտադրանքով:

Մեզ նման պաշտպանական բյուջե ունեցող ՆԱՏՕ-ի երկրները ունեն մոտ 6 000 զինծառայող, ինչը յոթ-ութ անգամ պակաս է, քան մերը։ Մյուս կողմից, զինվորական անձնակազմի կրկնակի քանակ ունեցող ՆԱՏՕ-ի երկրների մոտ պաշտպանական ծախսերը 36 անգամ ավելի են, քան մերը։ Չնայած այս ամենին՝ մենք անում ենք մեր աշխատանքը՝ ամեն օր ապահովելով պետության և սահմանների անվտանգությունը:

– Արդյոք Թավշյա հեղափոխությամբ նշանավորված անցյալ տարում ավելի դժվա՞ր, թե՞ հեշտ էր դա անել:

– Ոչ մի տարի էլ հեշտ չէ, բայց ամեն ինչ կառավարելի է: Որպես պաշտպանության նախարար՝ ես աշխատում եմ մեր երկրի սահմաններին արտաքին վտանգի միջավայրում, ամեն օր առնչվում եմ կյանքի և մահվան հարցերի: Իմ անկյունաքարային պատասխանատվությունն է ապահովել մեր երկրի մշտական անվտանգությունն ու կայունությունը այս դժվարին միջավայրում: Նույնիսկ ներքաղաքական զարգացումների ժամանակ, ինչպիսին մեր երկիրն ունեցավ անցյալ տարի, մենք երբեք չենք թուլացրել մեր զգոնությունը սահմաններին և առաջնագծում: Դա բանակը խստորեն իր առաքելության սահմաններում և ապաքաղաքական պահելու արդյունք է:

Նախիջևանի մասին

– Վերջին վեց ամսում ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը ակտիվորեն գործում են Նախիջևանի սահմանին՝ փորձելով բարելավել իրենց դիրքերն այս ուղղությամբ: Պե՞տք է արդյոք ավելի հարձակողական կեցվածք որդեգրել։

– Ավելի հարձակողական լինելը նախևառաջ կրթության և պատրաստության հարց է: Մեր բանակը կառուցվել է պաշտպանական կեցվածքով: Այժմ մենք ներդնում ենք կանխարգելիչ գործողությունների ռազմավարություն, բայց դա ամենօրյա աշխատանք է, ոչ թե կտրուկ շրջադարձ: Դրա մի մասը նաև հենվում է սարքավորումների վրա, որպեսզի մեր ռազմական ստորաբաժանումները կարողանան ավելի շարժունակ և ճկուն լինել: Նախիջևանի ուղղությամբ մենք չեզոքացնում ենք ցանկացած տեղաշարժ. դա նշանակում է, որ ցանկացած գործողության մենք համարժեք արձագանքում ենք՝ հակադարձելով իրենց իրականացրած միջոցառումների հետևանքները: Մինչ օրս սա եղել է ավելի նախընտրելի, քան պատերազմը, սակայն պատերազմի հավանականությունը միշտ էլ առկա է:

Ռազմարդյունաբերության մասին

– Տեղական ռազմարդյունաբերությունը կարո՞ղ է արդյոք ապահովել Զինված ուժերի կարիքները։

– Այո՛: Տեղական արտադրությունը բավական փոքր է, բայց աճում է: Մեր ուժեղ կողմերն են տեխնոլոգիական լուծումները, օպտիկան, ՏՏ լուծումները, մոդելավորումը, դիտարկման սարքերը: Աճի համար արդյունաբերական այս ճյուղը պետք է սուբսիդավորվի կամ ներդրումներ ստանա օտարերկրյա ընկերություններից: Հաջորդ ամիս Աբու Դաբիում կայանալիք IDEX-ում [Միջազգային պաշտպանական ցուցահանդես և համաժողով] ներկայացվելու են մեր լավագույն 30 արտադրատեսակները։

Բանակի ու ՏՏ-ի կապի մասին

– Ճիշտ քաղաքականության արդյունքում բանակը կարող է դառնալ տաղանդավոր կադրերի հավաքագրման բազա, հատկապես տեխնոլոգիական ոլորտի համար: Ի՞նչ է արվում պաշտպանության ոլորտում և բանակում ներգրավվածությունը երիտասարդ մասնագետների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ։

– Որոշ մասնագիտությունների դեպքում մենք ընտրելու գործընթաց ունենք՝ նախքան զորակոչի մեկնարկը, որի ընթացքում մենք դասակարգում ենք լավագույն նորակոչիկներին` տեխնոլոգիական գիտելիքների, հակաօդային պաշտպանության, ռադիո-էլեկտրոնային պայքարի, կապի և հեռահաղորդակցության, ինժեներական և կիբերանվտանգության ստորաբաժանումների համար: Ցավոք, ծառայությունից հետո մեր կողմից նրանց առաջարկվելիք աշխատավարձը չի կարող մրցակցել մասնավոր հատվածի հետ, այդ պատճառով հաճախ ի զորու չենք պահել լավագույններին:

Այնուամենայնիվ, Զինված ուժերում աշխատելու որոշակի նյութական առավելություններ կան, ինչպիսիք են բնակարանով ապահովման հնարավորությունները և աշխատակցի և նրա ընտանիքի անդամների բուժսպասարկումը։ Բարելավելու տեղ դեռ ունենք և աշխատում ենք այդ ուղղությամբ։ Օրինակ, նպատակ ունեմ 9000 ընտանիքի ներգրավել բնակարանային ընդարձակ ծրագրի մեջ։ Կարծում եմ՝ ամեն տարի մենք կարող ենք 500 սպաների ապահովել բնակարաններով։ Մենք կողմ ենք մայրաքաղաքի սահմաններից դուրս շինարարությանը՝ Երևանում ունենալով նորակառույց բնակմակերեսի միայն 35 տոկոսը։

Սիրիայում հայկական առաքելության մասին

– Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանը մասնակցել է միջազգային մի շարք խաղաղության աջակցության, անվտանգության և կայունության ապահովման առաքելությունների, այդ թվում` Կոսովոյում և Աֆղանստանում։ Վերջինը խաղաղապահ առաքելությունն էր Լիբանանում (UNIFIL): Այս տարի, սակայն, Սիրիայում մեկնարկում է այլ տեսակի առաքելություն, որը առանձնահատուկ նշանակություն ունի հայերի համար։ Կարո՞ղ եք պատմել այդ մասին:

– «Մերձավոր Արևելքում օգնության փոխադարձում» (Near East Relief Return) մարդասիրական առաքելությունը սկսվում է փետրվարի 8-ին [նկատի ունի Առաջին աշխարհամարտից հետո Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակչությանը և Հայոց ցեղասպանության վերապրածներին օգնության ձեռք մեկնելու նպատակով հիմնված «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» կողմից տասնյակ հազարավոր հայերին տրամադրված օգնությունը, այդ թվում՝ Սիրիայում – խմբ]։ Մենք մարդասիրական նպատակներով 83 հոգանոց խումբ ենք ուղարկում Սիրիա, հիմնականում՝ Հալեպի շրջակայք: Խումբը բաղկացած է ականազերծող մասնագետներից և բժիշկներից։ Օգնության հայցը պաշտոնապես ստացվել է Սիրիայի կողմից: Մեր օտարերկրյա գործընկերները հասկանում են, որ հայկական պետությունը չի կարող անտարբեր մնալ արտերկրում հայ համայնքի վիճակի հանդեպ: Դա ազգային շահի խնդիր է: Մենք ռուսական ուժերի հետ տեղում կհամակարգենք որոշակի նյութատեխնիկական ապահովման, օրինակ՝ տրանսպորտային հարցեր, բայց սա մեր սեփական առաքելությունն է:

Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին օգնության ձեռք մեկնեց, և հիմնվեց «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն»: 2018-ին՝ մեկ դար անց, Հայոց պետությունը ի զորու է իր լուման ներդնել Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և Սիրիայի բնակչության ցավը թեթևացնելու հարցում։ Դա է «Մերձավոր Արևելքում օգնությունը» վերադարձնելու իմաստը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the interview in English

Մեկնաբանել