Ճանապարհային քարտեզը վերջնական տեսքի կբերվի մինչև մարտի վերջ. ԵՄ դեսպան

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի կողմից, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից: Այն շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր հանձնառությունների իրագործմանը»,- ասել է դեսպանը:

Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրել է մինչև հունվար ամսվա վերջին օրը, իսկ վերջնական ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ:

«Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը: Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք մինչև մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»,- ասել է Սվիտալսկին:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերությանմասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 

Դեսպանը նաև անդրադարձել է Եվրոպական միության երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Նրա խոսքով՝ նախատեսված պարամետրերը չեն փոխվել: Սվիտալսկին նշել է, որ չի կարող այս գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշել: