ՊՎԾ աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկության հետքերով

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) չորս աշխատակիցներ ձերբակալվել են Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում են ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրները։ Նրանցից մեկը հերքել է իր ձերբակալության մասին տեղեկությունը։

ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը Սիվիլնեթին որևէ տեղեկություն չտրամադրեց նշված հրապարակման վերաբերյալ՝ հայտնելով, որ առաջիկայում քննչական դեպարտամենտը հաղորդագրությամբ հանդես կգա։

ՊՎԾ մամուլի քարտուղար Զարուհի Մեջլումյանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում նկատեց, «թե մամուլը խեղաթյուրում է իրականությունը»։

«Դավիթ Ադյանի մասով հստակ փաստեր կան, որ խեղաթյուրված է․ ոչ միայն իր մասով է այդպես»,- հայտնեց խոսնակը՝ հավելելով, որ ՊՎԾ-ն «բնականոն հունով իրականացնում է իր գործառույթները»։

Դավիթ Ադյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր ձերբակալության վերաբերյալ տեղեկություններն «ապատեղեկատվություն» են։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը նույնպես հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե ինքը չի ձերբակալվել. «Ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։

Ոչ ԱԱԾ-ից, ոչ էլ ՊՎԾ-ից որևէ տեղեկություն չտրամադրեցին, թե ինչ քրեական գործով է նախաքննություն իրականացվում։

Քրեական գործը կարող է հարուցված լինել «Հետք»-ի՝ փետրվարի 18-ի հրապարակման հիման վրա։ Կայքը մասնավորապես գրել էր. «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը»:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներն են՝ Սամվել Ադյան (ՊՎԾ), Գևորգ Խաչատրյան (ՊՎԾ), Տարոն Ավետիսյան (Զորաշեն ՍՊԸ):

Գևորգ Թոսունյան

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին, 2018թ․ մայիսի 29