Հայտնի են դպրոցական ավարտական քննությունների օրերը

Կրթության և գիտության նախարարի հրամանով սահմանվել են դպրոցների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

Այսպիսով․

  • Դպրոցների 4-րդ դասարաններում անցկացվում է գիտելիքների ստուգում` հունիսի 1-10-ը,
  • 9-րդ դասարաններում անցկացվում են կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` մայիսի 26-ին, ավարտական քննություններ` հունիսի 1-21-ը,
  • 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը։

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկայի(ների) պետական ավարտական քննություն(ներ)ը, որ(ոնք)ը չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով։ Սովորողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, միևնույն առարկայից և միասնական, և պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է սովորողի նախընտրած գնահատականը (միավորը):

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետև` ԳԹԿ):

12-րդ դասարանի հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցողների դիմում-հայտերը հաստատության տնօրենը նույն ձևով լրացնում և ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը:

Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում 9:00-ին:

Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 1100-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում 10:00-ին:

Մեկնաբանել