Վազաշենում կասեցվել են հանքի շահագործման հարցով հանրային լսումները

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այսօր՝ ժամը 11:00-ին, հանքի շահագործման հանրային լսումներ պետք է անցկացվեին, սակայն գյուղացիները, ակտիվիստներն ու բնապահպանները խոչընդոտել են լսումների անցկացումը։ Ինչպես հայտարարեց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, դրանք չեն անցկացվելու։

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Տավուշը բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզ է, հետևաբար իրենք անընդունելի են համարում մարզի որևէ համայնքում մետաղական հանքի շահագործումը: Նախաձեռնությունն իր հայտարարությամբ Վազաշենի և հարակից համայնքների բնակիչներին կոչ էր արել ամեն գնով խոչընդոտել փետրվարի 27-ին հանրային լսումների անցկացմանը:

«Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել: Գյուղի բնակիչների մի մասը, սակայն, կողմ են, որ հանք բացվի: Գյուղացիներից ոմանք լրագրողներին ասել են, որ հանքի գործարկումը հնարավորություն կտա, որպեսզի համայնքի երիտասարդները տեղում աշխատեն, չմեկնեն արտագնա աշխատանքի:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մասնավորապես, հայտարարել է, որ այս փուլում նպատակահարմար չի գտնում անցկացնել հանրային լսումները, քանի որ իրազեկվածության պակաս կա, և բոլոր շահագրգիռ կողմերը չեն ներգրավված գործընթացում։ Հետագայում նախատեսվում են հարցի շուրջ քննարկումներ ու հանրային լայն ներգրավվածություն։

Անի Գրիգորյան, Վազաշեն

Մեկնաբանել