Դատախազությունը գործ է հարուցել, որն առնչվում է Միհրան Պողոսյանին փոխկապված ընկերությանը

Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա գլխավոր դատախազությունում փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել «ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու հատկանիշներով»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական վերահսկողական ծառայությունը։

Սիվիլնեթը հուլիսի 23-ին անդրադարձել էր ոստիկանության և «Ուկռինվեստ»-ի միջև գնման պայմանագրի առանձնահատկություններին։ Հուլիսի 22-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ ոստիկանությունը 2017-ի փետրվարին 1,6 միլիարդ դրամի երեք պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող «Ուկռինվեստ» ընկերության հետ՝ ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման ու լուսազդանշանների պահպանման ծառայության համար։

«Ուկռինվեստ»-ը մրցույթին մասնակցել ու հաղթել էր «Էս թի սերվիս» ընկերության հետ համատեղ։ «Էս թի սերվիս»-ի տնօրենը Ստեփան Խաչատուրյանն է, որը տնօրեն է նաև «Միկշին»-ում, որը արդարադատության գեներալ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված ընկերություն է։ «Էս թի սերվիս»-ի միակ բաժնետերը Անժելա Պետրոսյանն է, որը նաև Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Երազ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ «Էս թի սերվիս» ընկերության էլեկտրոնային հասցեն www.mikshin.am-ն է։ Չի բացառվում, որ «Ուկռինվեստ» ընկերության անունը գնման մրցույթում հայտնվել էր «Էս թի սերվիս»-ի անունը քողարկելու համար։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը

Մեկնաբանել