Հայաստան-Իրան․ 100-ամյա դիվանագիտական հարաբերությունների անցյալից

1918 թվականի հուլիսի 7-ին Իրանը, այն ժամանակ՝ Պարսկաստան, ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում նրա հետ: Օսմանյան կայսրությունից հետո Իրանը երկրորդ պետությունն էր, որ ճանաչեց անկախ Հայաստանը։

Իր հերթին, Իրանը դարձավ առաջին պետությունը, որին և որի միջոցով Հայաստանը իր անկախության մասին տեղեկացրեց աշխարհին։ 1918-ի հունիսի 13-ին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի, Հայաստանի վարչապետ Հովհաննես Քաջազնունու և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի ստորագրությամբ ծանուցում է ուղարկվում Թիֆլիսում պարսից հյուպատոսին։

Բացի այդ, հայկական կողմը խնդրում է, որ հյուպատոսությունը Հայաստանի անկախության մասին Թեհրանից բացի տեղեկացնի Շվեդիային, Ավստրո-Հունգարիային, Օսմանյան կայսերական կառավարությանը, Բուլղարիային, Իսպանիային, Դանիային, Հոլանդիային և Գերմանիային:

Հանրապետության գոյության երկուսուկես տարիների ընթացքում Իրանը հարևան երկրներից միակն էր, որը Հայաստանի հետ չուներ տարածքային վեճեր և քաղաքական լուրջ խնդիրներ։

Թեհրանում Հայաստանի դեսպան նշանակվեց Հովսեփ Արղությանը: Հայաստանը հետագայում հյուպատոսություն ունեցավ Թավրիզում։ Իրանը Երևանում ուներ դեսպանություն և հյուպատոսություն։

1920 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-իրանական հարաբերությունները պահպանվեցին։ 1921թ․հունիսին Թեհրան հասավ Խորհրդային Հայաստանի հյուպատոս Եզեկել Երզնկյանը: Նույն թվականի սեպտեմբերին Թեհրանում Հայաստանի դեսպան, ավելի ճիշտ՝ լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Լևոն Սարգսյանը։

1922-ի դեկտեմբերին, երբ Հայաստանը վերջնականապես կորցրեց իր անկախությունը, դադարեցվեցին արտասահմանում գործող հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում՝ Թեհրանում և Թավրիզում։

Խորհրդային 70-ամյա և հատկապես Սառը պատերազմի շրջանում, Մոսկվան և Թեհրանը ունեին բարդ հարաբերություններ։ Փշալարերով պատվեց նաև հայ-իրանական շուրջ 40 կմ երկարությամբ սահմանը։ Որքան էլ հեգնական է և վիրավորական, այսօր էլ այդ փշալարերը պահպանվում են, իսկ սահմանի երկարությամբ կանգնած են ռուսական սահմանապահները։

1991 թվականի դեկտեմբերի 25-ին Իրանը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992-ի փետրվարին այցելեց Թեհրան․ Հայաստանի և Իրանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունը, որ Երևանում բացեց դեսպանություն, Իրանն էր։ 1992-ի վերջերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը։

90-ականների կեսերին Արաքս գետի վրա կառուցվեց կամուրջ։ Մինչ այդ բեռնափոխադրության համար օգտագործվում էր ռազմական շարժական կամուրջ։

Հայաստանի բոլոր ղեկավարները այցելել են Իրան, իսկ Իրանի նախագահներից միակը, որ չի այցելել Հայաստան, եղել է Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Իրան այցելել է երեք անգամ՝ 1992-ին երկու անգամ և 1995-ին։ Ռոբերտ Քոչարյանը Թեհրան այցելել է 2001-ին և 2006-ին, իսկ Սերժ Սարգսյանը՝ 2009-ին, 2011-ին, 2013-ին և 2017-ին։

Իրանը նախագահի մակարդակով Հայաստան առաջին անգամ այց տվել է 2004-ին։ Այն ժամանակ Իրանի նախագահը Մոհամմադ Խաթամին էր։ Նրան հաջորդած Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան այցելել է երեք անգամ՝ 2007-ին երկու անգամ և 2011-ին։

2007-ի մարտին Հայաստան-Իրան սահմանի հայկական հատվածում՝ Արաքս գետի ձախ ափին, Ահմադինեժադի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բացվեց Իրան-Հայաստան գազատարը։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին Հայաստան այցելել է 2016-ին։

Իրանը Հայաստանի 10 ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկում է 1991-ից ի վեր։

2018-ին հայ-իրանական ապրանքաշրջանառությունը կազմել է 364 միլիոն դոլար, որից արտահանումը՝ 94 միլիոն։ Իրանի հետ առևտուրը կազմում է Հայաստանի արտաքին առևտրի գրեթե 5 տոկոսը։

Անցյալ տարի Հայաստան է այցելել ավելի քան 100 հազար իրանցի զբոսաշրջիկ։

Այսօր հայերի թիվը Իրանում կազմում է մոտ 50 հազար։

1992-ի առաջին ամիսներին Իրանը հիմնական միջնորդն էր ղարաբաղյան բանակցություններում։ Նույն տարվա մայիսի 7-ին Թեհրանում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Իրանի նախագահ Ռաֆսանջանիի միջնորդությամբ և ներկայությամբ ստորագրեցին հուշագիր։ Մեկ օր անց հայկական ուժերը ազատագրեցին Շուշին։ Իրանը դա համարեց հայերի կողմից հարված մեջքից և որոշ ժամանակով հարաբերությունները պաղեցին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Թեհրան։

Նա երեկ հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը և շեշտել է, որ ինքն Իրանը կբնութագրի մեկ նախադասությամբ. «Իրանն ինձ համար հարևան է և բարեկամ, սրանով ամեն ինչ ասված է»:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մեկնաբանել