Հայաստանը պատրաստ է ավելացնել գազի ներկրումն Իրանից և լինել գազի տարանցիկ երկիր

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր․ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում։

Փետրվարի 27-ին Իրան պաշտոնական այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսում խոսել են երկկողմ տնտեսական կապերի, այդ թվում՝ Հայաստանին իրանական գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին։

«Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա նշել է, որ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից դիտարկել են նաև համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով:

Անդրադառնալով Իրանի պատրաստակամությանը՝ մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գազի գնի հարցը․

«Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ»:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Հայաստանի և Իրանի միջև գործում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է մատակարարվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանը Իրանից ներկրում է տարեկան 370-380 մլն խմ գազ։

Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:

Ներքին սպառման համար գազը Հայաստանը ներկրում է Ռուսաստանից՝ 1000 խմ-ն 165 դոլար գնով։

2018-ին Հայաստանի և Իրանի առևտուրը կազմել է 364 մլն դոլար, որից 94 մլն դոլարը՝ Հայաստանից արտահանումը Իրան։ Իրանի հետ առևտուրը կազմում է Հայաստանի արտաքին առևտրի 4,9%-ը։

Իրանից գազ ներկրելու հնարավորության մասին Փաշինյանը խոսել է նաև Թեհրանի հայ համայնքի հետ հանդիպմանը։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել