Խոջալու․ ինչ է կատարվել իրականում

Այս օրերին Խոջալուի թեման Ադրբեջանից և Թուրքիայից բացի տեղ գտավ Ռուսաստանի Պետդումայում, ռուսական լրատվամիջոցներում, նաև՝ Եվրոնյուզ-ում։ Ռուսաստանցի մի խումբ խորհրդարանականներ փետրվարի 26-ին Բաքվում մասնակցեցին Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված երթին։ Պատգամավորների մասնակցությունը հարուցեց Հայաստանի դժգոհությունը, ինչի մասին ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Բաքվի երթին ՌԴ պատգամավորների մասնակցությանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստին իր ելույթում անդրադարձավ նաև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը։ Ի՞նչ է կատարվել Խոջալուում։ Ներկայացնում ենք հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև․ արցախյան օրագիր» հատորից։

Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994թ. հունվարին «Ճշմարտության պահը» հաղորդաշարի հյուրին` Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին, հարցնում է Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է.

«Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երևի գերազանցի Խոջալուինը: Դա և Սումգայիթն է, և՛ Բաքվի ջարդերը, հայկական 28 գյուղերի հայաթափումը, դա և՛ հայկական Մարաղա գյուղի ողբերգությունն է»: «Խոջալուն հայտնվել էր մարտական գործողությունների կիզակետում, ընդ որում, ինչպես ինձ պատկերանում է, մարտնչող կողմերը պետք է զգուշավորությամբ մոտենան բնակավայրերի` ռազմական նպատակներով օգտագործմանը. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Խոջալուում: Բուն բնակավայրում տեղակայված էր չորս հրանոթ և «Գրադ» կայանք, որոնցից անդադար ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Եվ եթե ինչ-որ ուժ վերածվում է դիրքի` հրետանու, «Գրադի» հարվածի համար, ապա, բնականաμար, այդ կայանքներն իրենց վրա կրակ են հրավիրում: Դրա համար էլ, իսկապես, Խոջալուում ստեղծվեց մի իրավիճակ, որ ընթանում էին ծանր մարտեր բնակավայրի համար, և այդ մարտերի ընթացքում, իսկապես, տուժել է խաղաղ բնակչությունը»:

Երբ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանին խնդրել է պատմել Խոջալուի մասին, ստացել է այսպիսի պատասխան.

«Մենք այդ մասին բարձրաձայն չենք խոսում»: Զոհերի թվի մասով Սարգսյանը պնդել է, որ շատ բան չափազանցվել է, իսկ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել. «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կատակ են անում, նրանք կարծում էին, որ հայերը երբեք ձեռք չեն բարձրացնի քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ կատարվեց: Նաև պետք է հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, որոնք փախել էին Բաքվից և Սումգայիթից»:

Պատերազմի տարիների ամենաերիտասարդ հրամանատարներից Սամվել Բաբայանը բոլորովին այլ բան է պատմում.

«Խոջալուի գործողության ժամանակ ես պետք է և՛ Աղդամը պահեի, և՛ ապահովեի գետի հոսանքով անվտանգության միջանցք, որ ժողովուրդը կարողանար դուրս գալ, ինչն էլ կատարել եմ: Միջանցքը տրվել էր, բայց մի անհասկանալի բան տեղի ունեցավ: Աղդամի կողմից մեզ վրա հարձակվեցին: Բնակչությունը պետք է մեր դիրքերի արանքով անցներ և Աղդամ մտներ: Աղդամի ադրբեջանական ուժերի շրջանում տպավորություն է ստեղծվում, թե հայերն են անցնում: Բռնությունները կատարել են ադրբեջանական ուժերը` գիտակցաբար, թե ոչ, չգիտեմ: Մենք Խոջալուում բնաջնջում չենք իրականացրել: Ընդհանրապես, պատերազմի տարիներին մենք խաղաղ բնակչությանը թույլ ենք տվել, որ հեռանա: Քելբաջարում կարող էինք ճանապարհները փակել և 60 հազար մարդու կոտորել, բայց հատուկ մի քանի օր ռազմական գործողությունը հետաձգել, ճանապարհ ենք տվել»:

Խոջալուի բնակիչներից Սալման Աբասովը հետագայում բողոքել է.

«Այդ ողբերգական իրադարձություններից մի քանի օր առաջ հայերը մեզ մի քանի անգամ ռադիոյով նախազգուշացնում էին, որ գրավելու են քաղաքը և պահանջում էին հեռանալ: Երկար ժամանակ Խոջալու էին թռչում ուղղաթիռներ, և պարզ չէր` որևէ մեկը մտահոգված էր մեր ճակատագրով, հետաքրքրվում էր մեզանով: Գործնականում որևէ օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավորություն կար դուրս բերել կանանց, երեխաներին, ծերերին, մեզ համոզում էին դա չանել»:

2005-ի գարնանը Խոջալու է այցելում ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը: Բաքու վերադառնալով` նա հոդվածաշար գրեց. «Սրանից մի քանի տարի առաջ հանդիպեցի Նավթալանում հաստատված խոջալուցիների հետ։ Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերը բարձրախոսներով նախազգուշացնում էին ծրագրվող գործողության մասին և քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ ավանից՝ շրջափակումից դուրս գալ Կարկառ գետի երկայանքով՝ մարդասիրական միջանցքով: Ըստ խոջալուցիների` իրենք օգտագործել են այդ միջանցքը, և, իրականում, միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները խոջալուցիների վրա կրակ չեն բացել: Ժողճակատի զինվորականները, չգիտես ինչու, խոջալուցիների մի մասին դուրս էին բերել դեպի Նախիջևանիկ, որ հայերի վերահսկողության տակ էր: Միջանցք իրականում եղել է, այլապես ամբողջությամբ շրջափակված և արտաքին աշխարհից կտրված խոջալուցիները չէին կարող օղակը ճեղքել և շրջափակումից դուրս գալ: Խոջալուցիների մի մասը, չգիտես ինչու, ուղղվել է դեպի Նախիջևանիկ: Թվում է, թե Ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թե խոջալուցիների փրկությանը, այլ` մեծ արյան` Մութալիբովին գահընկեց անելու ճանապարհին»։

Նախագահ Մութալիբովը Խոջալուի ողբերգությունից մեկ ամիս անց հարցազրույց է տալիս չեխ լրագրող Դանա Մազալովային:

Հարց. –Ինչ եք մտածում Խոջալուի դեպքերի մասին, որից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ–որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին, նոր նկարահանումների ժամանակ այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ–որ տարօրինակ խաղ է:

Մութալիբով– Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ–որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ և բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռքբերեին: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է` հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչու՞ պետք է կրակեին: Հենց որ Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծն օբյեկտիվ էր և միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչու դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ:

Հետագայում ևս, որոշ սրբագրումներով, Մութալիբովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչության հեռանալու համար միջանցք թողել են.

«Փետրվարի 25-ի երեկոյան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց առանց մանրամասների, հանգուցյալ ներքգործնախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարյուր մարդ գնդակահարվել են հենց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախոսը և զանգահարեցի Ղարաբաղի ղեկավար ոմն (Արթուր) Մկրտչյանի: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրեցի, թե ինչպե՞ս է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետևյալը. «Ինչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչև Խոջալուն վերցնելն այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, և բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Նրանք պրոֆտեխուսումնարանի շենքում են: Մենք նրանց կերակրում ենք, թեև մեզ իսկ մթերքները չեն բավականացնում»:

«Ես չհավատացի նրան: Հեռախոսի մոտ խնդրեցի Արմեն Իսագուլովին, ով ոստիկանության վարչության պետն էր: Նա էլ հայտնեց, որ մարդկանց միջանցք են տվել: Ահա թե ինչու, ես այն ժամանակ հարցազրույցում ասացի, որ ինձ հաղորդել են խաղաղ բնակչությանը միջանցք տրամադրելու մասին: Բայց ես չեմ պնդել, որ իրականում այդ միջանցքը եղել է, թե՝ ոչ: Ես ուղղակի վկայակոչել էի վերոնշյալ հեռախոսային խոսակցությունը… Ի դեպ, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկույցում սեւը սպիտակի վրա գրված է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Էլման Մամեդովը»,- ասել է Մութալիբովը:

Փետրվարի 27-ին Բաքվի թերթերը գրում են երկու, և միայն «Սեհերն» է հաղորդում հարյուրավոր սպանվածների մասին:

Լրագրող Շամիլ Ալեքպերլին հիշում է.

«Փետրվարի 22-ին Աղդամում էի, դրությունը ծայրահեղ ծանր էր: Մի քանի անգամ անհաջող փորձեցի հասնել Խոջալու, հետո որոշեցի դիմել ինքնապաշտպանական գումարտակների հրամանատարներ Շիրին Միրզոևին ու Ալլահվերդի Բաղիրովին: Ասացին, որ Խոջալուից պատրաստվում են դուրս բերել խաղաղ բնակչությանը, և դրա համար Ասկերանի շրջանի ուղղությամբ բացված է միջանցք: Ինձ խորհուրդ տվեցին մի քանի օր սպասել: Բայց Խոջալուն ապաշրջափակելու սպասվող գործողությունը, չգիտես ինչու, այդպես էլ չկայացավ, մինչև այսօր ինձ հայտնի չէ` ինչը խանգարեց: Ես ուղևորվեցի Աղդամի քաղխորհրդի շենք, որտեղ ունկնդիր եղա Ադրբեջանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Թամերլան Ղարաևի և Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովի միջև հեռախոսազրույցին: Ղարաևը շատ վստահ տոնովասում էր, որ «անհանգստանալու հիմքեր չկան», այսօր կամ վաղը «մենք միասին Խոջալուում թեյելու ենք»։

Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը ողբերգությունից մի քանի օր անց խոստովանել է.

«Մենք գիտեինք, որ այդ միջանցքը խաղաղ բնակչության հեռանալու համար էր»:

Զարմանալիորեն, և ինչպես իր հարցազրույցներում է նշում Մութալիբովը, ողբերգության մասին փետրվարի 25-ի երեկոյան իրեն զեկուցել է ներքգործնախարար Քերիմովը: Խոջալուի լուրը Բաքու էր հասել փետրվարի 25-ի երեկոյան, այսինքն՝ նախքան ղարաբաղյան ուժերը կսկսեին գրոհը: Ո՛չ Ադրբեջանի ներքգործնախարար Քերիմովը, ո՛չ էլ անվտանգության նախարար Հուսեյնովն ի վիճակի չեղան պարզել այդ ապատեղեկատվության աղբյուրը: Եվ փետրվարի 26-ի առավոտյան Մութալիբովը զանգահարում է Ստեփանակերտ` Արթուր Մկրտչյանից և Արմեն Իսագուլովից ճշտելու, թե իրականում ինչ է կատարվել Խոջալուում:

Փետրվարի 26-ի երեկոյան, զգալով, որ Խոջալուի կորուստը նշանակում է Մութալիբովի պարտությունը, Ադրբեջանի ներքգործնախարարությունը տարածում է հայտարարություն, որում պնդվում էր, թե «հայ գրոհայինների հարձակումը Խոջալուի ուղղությամբ հետ է մղվել, և քաղաքը կրկին վերահսկում են ադրբեջանական ուժերը»: Սակայն այս տեղեկատվությունն անմիջապես հերքում է Ժողճակատի տեղեկատվական կենտրոնը` հաղորդելով, որ «սպանված խոջալուցիների դիակներով լիքը երկու բեռնատարներ հասել են Աղդամ»:

Խոջալուի ռազմական գործողությունը

Փետրվարի կեսերին` Իրան այցելության նախօրեին, Մութալիբովը Շուշիում գտնվող Ղազիևին հանձնարարել էր իր բացակայության պայմաններում պահպանել հրադադարը և դեպի Ստեփանակերտ չկրակել: Սակայն Իրան մեկնելուց մի քանի ժամ անց Ղազիևի հրամանով սկսվում է Ստեփանակերտի, մասնավորապես` 366-րդ մոտոհրաձգային գնդի ուժգին ռմբահարումը: Գնդի հրամանատար, փոխգնդապետ Յուրի Զարվիգարովի` Մոսկվա բազմաթիվ զեկուցագրերից պարզվում է այն ծանր ու անելանելի վիճակը, որում հայտնվել էր գունդը:

«Ինչպես քաղաքում, այնպես էլ գնդում խմելու ջուր չկա: Բնակարանները, որտեղ իրենց ընտանիքներով ապրում են սպաները, ամեն օր ենթարկվում են հրթիռահրետակոծության: Գնդի տարածքի հրետակոծության ժամանակ զոհվել են շարքային Կովալյովը, կրտսեր սերժանտ Բուրկովեցկին, արկի բեկորից անդամահատվել է լեյտենանտ Զաբելինի ոտքը»:

Մեջբերում Ղազիևից.

«Փետրվարի 16-ին տեղեկություններ ստացանք Խոջալուի վրա նախապատրաստվող գրոհից: Շուշիի մեր զորքերը «Գրադի» օգնությամբ հաջողությամբ կանխեցին: Փետրվարի 25-ին մենք կրկին տեղեկություն ստացանք Խոջալուի վրա հարձակման փորձի մասին: Մենք չունեինք բավարար ռազմամթերք, որպեսզի օգնեինք խոջալուցիներին և կանգնեցնեինք հայերի գրոհը: Այդ անգամ մենք չօգտագործեցինք «Գրադը», քանի որ Շուշիի վրա թանձր մառախուղ էր իջել… Հեռախոսով կապվեցի Մութալիբովի հետ: Նախագահը պատասխանեց, որ ներքգործնախարար Քերիմովը հավաստիացրել է, որ Խոջալուում վիճակը կայուն է: Ես հասկանում եմ՝ Խոջալուում Մութալիբովի համար թակարդ էր պատրաստված»:

Խոջալուն ուներ ռազմական կարևոր նշանակություն ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար: Լեռնային Ղարաբաղի` Խոջալուում գտնվող օդանավակայանը, շրջափակման պայմաններում արցախահայությանն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էր:

80-ական թթ. վերջերից Ադրբեջանի իշխանությունները Խոջալուում սկսեցին վերաբնակեցնել մեսխեթցի թուրքերին, որոնք դուրս էին քշվել Ուզբեկստանից: Պոլյանիչկոյի ժամանակից այն ադրբեջանական ուժայինների վերահսկողության տակ էր. հայերի առևանգումները, դրամաշորթությունը օդանավակայանը հսկողների առօրյայի կարևոր մասն էին կազմում:

Ստեփանակերտն ու հայկական մյուս բնակավայրերը պարբերաբար ռմբակոծվում էին նաև Խոջալուից: Բնակավայրը գրավելու գործողությունը մշակել և ղեկավարել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Ղարաբաղյան ուժերը պետք է Խոջալու մտնեին 4 ուղղություններով` Նորագյուղից, Մեհտիշենից, Քաթուկից և օդանավակայանի մերձակայքից: Հայկական ջոկատների հրամանատարները տեղեկացվում են Կարկառ գետի երկայնքով քաղաքացիական բնակչության հեռանալու համար միջանցք թողնելու մասին:

– Խոջալուի գործողությանը մասնակցել են 487 հայ մարտիկներ: Առաջին անգամ հայկական ջոկատները օգտագործեցին երկու զրահամեքենաներ և մեկ հակատանկային թնդանոթ: Խոջալուի գործողության ժամանակ մենք կորցրինք 8 մարդ, հակառակորդը` 23,- գրում է Տեր-Թադևոսյանը:

Գործողությունն սկսվում է փետրվարի 25-ին` կեսգիշերից առաջ, այսինքն` մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Մութալիբովին տեղեկացրել էին քաղաքացիական բնակչության ջարդի մասին: Խոջալուում մնացել էր մոտ 3000 բնակիչ, քաղաքի պաշտպանության հրամանատար, օդանավակայանի ՕՄՕՆ-ի ղեկավար Արիֆ Հաջիևի տրամադրության տակ եղել է 160 մարտիկ:

Խոջալուի կապն Ադրբեջանի բնակավայրերի, մասնավորապես հարևան Աղդամի հետ, որը Ժողճակատի զինյալների վերահսկողության տակ էր, իրականացվում էր ուղղաթիռներով:

Վերջին թռիչքը, նախքան ղարաբաղյան ուժերը կվերցնեին քաղաքը, եղել է փետրվարի 13-ին: Ղազիևը հաստատել է, որ փետրվարի 25-ին Աղդամում կար Տ-72 մակնիշի 12 տանկ, նույնքան զրահամեքենա, ԲՄ-21 տիպի 4 «Գրադ» համակարգ, 40 թնդանոթ և 2500 զինվոր: Այդ ուժերը կարող էին ուղղվել դեպի Խոջալու, բայց օգնություն չի ստացվել:

Չինգիզ Մուստաֆաևի նկարահանումները

Ղարաբաղյան պատերազմի տարիներին մարդկային ամենամեծ ողբերրգությունը, անկասկած, Խոջալուն էր: Որևէ այլ գործողության պատճառով այնքան քաղաքացիական, խաղաղ բնակչություն, այդ թվում` երեխաներ ու կանայք, չի տուժել: Թե որքան է եղել սպանվածների թիվը, մինչև այսօր մնում է վիճելի: Պակաս կարևոր չէ, թե որտեղ են սպանվել խաղաղ բնակիչները:

Տարբեր ժամանակներում ներկայացվել են տարբեր թվեր: Ադրբեջանի խորհրդարանի հետաքննությունը նշել է 485 թիվը, որի մեջ մտնում են Խոջալուի գործողության ժամանակ բոլոր սպանվածները, այդ թվում և նրանք, ովքեր քաղաքից փախչելու ընթացքում մահացել են ցրտից: Խորհրդարանական հետաքննություն իրականացնողներից Նամիկ Ալիևը 1992թ. ապրիլին «Հելսինկի ուոչ» կազմակերպությանը տեղեկացրել է, որ Աղդամում թաղվել է 213 խոջալուեցի: Մեկ այլ պաշտոնյա՝ Այդին Ռասուլովն ասել է, որ դատական փորձաքննության է ուղարկվել երեք հարյուր դիակ: «Ղարաբաղ» թերթի հաղորդմամբ` Խոջալուի փախստականների օգնության հանձնաժողովը մարդասիրական օգնություն է բաժանել 476 սպանվածների ընտանիքների: Աղդամի իմամը 1992թ. փետրվարի 27-ին ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցին ցույց է տվել 477 զոհվածների ցուցակը: Նույն թվականին ադրբեջանական «Օրդու» թերթը տպագրել է 636 մահացածների ցուցակը:

Ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևն Աղդամի մոտակայքում առաջին անգամ` փետրվարի 29-ին, երկրորդ անգամ` մարտի 2-ին, կատարել է նկարահանումներ, որոնք մի քանի օր անց ցուցադրվել են Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում: Տեղանքը, որտեղ նա նկարահանել է, գտնվում էր Ժողճակատի զինյալների վերահսկողության տակ, ինչը պարզ երևում է կադրերում: Մուստաֆաևն ուղղակի չէր կարող նկարահանումներ կատարել այդ տարածքում, եթե դրանք լինեին ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ: Հունիսի 15-ին նա սպանվեց հերթական նկարահանումը կատարելու ընթացքում ԼՂ Նախիջևանիկ գյուղում:

Մուստաֆաևի սպանության տարբեր վարկածներ են առաջ քաշվել: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ նա նկարահանումների ժամանակ սպանվել է հայերի գնդակից, ղարաբաղյան կողմն ակնարկում է, որ Մուստաֆաևին սպանել են Ժողճակատի մարտիկները, որպեսզի հետագայում նա չպատմի Խոջալուի մասին ճշմարտությունը: Կան պնդումներ, որ Մութալիբովը Խոջալուի նկարահանումներից հետո օպերատորին զգուշացրել է` չպատմել Խոջալուի մասին և զգույշ մնալ վտանգից:

Վահիդ Մուստաֆաևը, ով եղբոր հետ հաճախ էր նկարահանումների մեկնում առաջին գիծ, պատմել է, որ երբ ադրբեջանական գումարտակը վերագրավել է Նախիջևանիկը, զինվորները ծաղրել են, թե Չինգիզը երեւում է, մի քանի րոպե նկարում և շուտ թողնում–հեռանում է:

«Եթե իսկական տղամարդ ես, գնանք ճակատը նկարիր»,- ասել են նրան: Այսպես, Չինգիզըվերադարձել է Նախիջևանիկ, որն ինչպես փետրվարի 29-ի և մարտի 2-ի նկարահանումների ժամանակ, այնպես էլ հունիսի 15-ին, եղել է Ժողճակատի զորամիավորումների վերահսկողության տակ: «Տեսախցիկի առաջ իրենց ցույց տալու համար մեր զինվորները սկսել են օդ կրակել: Շուտով հայերը պատասխանել են ականանետային կրակով: Ես բազմիցս դիտել եմ Չինգիզի վերջին նկարահանումները և հասկացել, թե ինչ էր ուզում անել: Նա ուզում էր ցույց տալ, թե ինչպես է ականը պայթում: Մի քանի անգամ նա դուրս է թռել խրամատից` փորձելով լավ դիրք բռնել: Ժապավենի վրա լսվում է նրա ձայնը. «Ուշացա, բացթողի»: Վերջին անգամ ականը պայթեց կողքին ու նրան գետին տապալեց: Երբ Չինգիզին հասցրել են Աղդամ, դեռ կենդանի էր, բայց երբ նրան բարձրացնում էին վիրահատականսեղան, սիրտը դադարել է զարկել»,- պատմել է Վահիդը:

1992-ի մարտի 3-ին Գերագույն խորհրդում ընդդիմության ճնշման տակ ցուցադրվում էին Խոջալուի ողբերգության` Մուստաֆաևի նկարահանումները. մի տղամարդ հեկեկալով գրկել է կարմիր բաճկոնով երեխայի դիակը, ցեխի ու հալվող ձյան մեջ ընկած են վառ գլխաշորերով և վերարկուներով գյուղացի կանայք: Թոմաս Գոլցը գրում է. «Էկրանին երեւացին ֆիլմի առաջին կադրերը, և հաջորդ տասը րոպեները փոխեցին երկրի պատմությունը»:

Գերագույն խորհրդի շենքի առաջ հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներ մարտի 5-ին պահանջում են Մութալիբովի հրաժարականը: Արտահերթ նստաշրջանի առաջին օրնԷլմիրա Կաֆարովան հրաժարական է տալիս, խորհրդարանի նախագահ է ընտրվում Բաքվիհամալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Յաղուբ Մամեդովը: Ցուցարարները շարունակում են շրջափակած պահել խորհրդարանը և թույլ չեն տալիս պատգամավորներին դուրս գալ շենքից: Մութալիբովը տեղի ունեցող իրադարձությունները որակում է «պետական հեղաշրջում»: Մարտի 6-ին նա հրաժարական է տալիս, Մամեդովն ընտրվում է Գերագույն խորհրդի նախագահ և ստանձնում երկրի ժամանակավոր ղեկավարի պարտավորությունները` մինչև նախագահական ընտրությունների անցկացումը:

Մութալիբովն այդ օրերի իրադարձություններն այսպես է մեկնաբանել.

«Իմ հրաժարականը ստիպողական էր: Ես բոլորովին միտք չունեի հեռանալ, սակայն հասկանալով, որ ամեն ինչ մանրակրկիտ նախապատրաստված է, աջերը և ձախերը միավորվել են նախագահի դեմ, որոշեցի չգնալ առճակատման»:

Իշխանությունից հեռացված նախագահը կարծում էր, որ իր հրաժարականից հետո Ադրբեջանի ներքաղաքական պայքարում կշահարկվի ղարաբաղյան խնդիրը, և պատերազմի հետագա ծավալումն այլևս կդառնա անշրջելի.

«Ժողճակատը մեզ մեղադրում էր, որ չկարողացանք լուծել ղարաբաղյան հարցը: Այժմ նրանք պետք է ժողովրդին երաշխիքներ տան, որ իրենք կարող են դա անել: Գոյություն ունի երկու ուղի` կա՛մ առավել վճռական գործողություններ, քանի որ ինձ մեղադրում էին անվճռականության մեջ, կա՛մ էլ՝ փոխզիջում… Ենթադրենք, նրանց հաջողվի համախմբել մեր բոլոր ուժերը: Այդ դեպքում այս ամենը կարող է վերածվել մեծ պատերազմի, որը դեռ հայտնի չէ, թե ով կշահի, թեև Ադրբեջանում արդեն ոչ ոք չի ուզում կռվել»:

Հ․ Գ․ Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս Խոջալուի 1992-ի ողբերգության մասին վերջին տարիներին լույս են տեսել բազմաթիվ գրքեր, նաև՝ օտար լեզուներով, որոնցում առաջին հերթին մեջբերվում են Սերժ Սարգսյանի խոսքերը: Հարցազրույցը, որ տվել է Սարգսյանը 2001-ի դեկտեմբերին բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին, դարձել է ադրբեջանական քարոզչության կարևոր գործիք ընդդեմ Հայաստանի: Ներկայացնենք Խոջալուի մասին Սարգսյանի հարցազրույցը ամբողջությամբ:

Томас де Ваал- Если мы говорим о степени профессионализации армии, я тоже хотел вас спросить по поводу Ходжалы. Потому что никто не отрицает, что погибли очень многие азербайджанцы, когда бежали из Ходжалы, и что это дело рук каких-то карабахских отрядов из-под Аскерана. Но чему вы это приписываете? Тому, что такие вещи сделали просто озлобленные люди, а не профессиональные карабахские солдаты, а позже этого не было у вас? Почему?

Серж Саргсян- Вы знаете, о таких вещах громко не говорят. Говорят то, что возможно. Я так тоже поступлю. Ну, во-первых, бывший руководитель Азербайджана говорил, что это были не армяне, а сами азербайджанцы. Но скажу, что истина может быть в другом. Все-таки Ходжалу сильно надоедал одно время всему Карабаху, потому что там находился аэропорт, потому что единственной нашей связью с Арменией был воздушный транспорт, потому что там был ОМОН, что-то там обшаривали, очень многих людей арестовывали. Кроме того, находясь буквально под Степанакертом, они позволяли себе его обстреливать.

Но, думаю, самое главное в другом. До Ходжалу азербайджанцы подумывали, что они просто с нами шутят. Азербайджанцы подумывали, что армяне — люди, которые не смогут поднять руку на мирное население. Нужно было все это переломить. Так и получилось. Еще нужно учесть, что среди этих ребят были те, кто бежал из Баку, из Сумгаита. Хотя считаю, что все-таки очень многое преувеличено, очень многое.

Азербайджанцам нужен был повод, чтобы приравнять какое-то место к Сумгаиту. Но их никак нельзя сравнивать. Да, в самом деле в Ходжалу было мирное население. Но вместе с мирным населением были и солдаты. И когда летит снаряд, он не отличает мирного жителя от солдата, у него нет глаз. Если мирное население там остается, хотя была прекрасная возможность уйти, значит, оно тоже участвует в боевых действиях… И коридор был им оставлен не для того, чтобы их где-то расстреливать, расстреливать можно было в Ходжалу, а не на подступах к Агдаму. (Интервью Томаса де Ваала с Сержем Саргсяном, министром обороны Армении (ныне президентом Армении), 15 декабря 2000 г. Беседа началась с того, что Серж Саргсян в день интервью встретился с министром обороны Азербайджана Сафаром Абиевым).

Իր «Սև այգի» գրքում դե Վաալը հարցազրույցի այս հատվածից տվել է հետևյալ կտորը, որն էլ դարձել է ադրբեջանական պրոպագանդիստների համար «համեղ պատառ».

Армянский военачальник Серж Саргсян на вопрос о взятии Ходжалы, ответил осторожно: «О таких вещах громко не говорять». Что касается числа жертв, то, по его словам, «многое преувеличено», да и убегавшие азербайджанцы оказали вооруженное сопротивление. Однако суть происшедшего Саргсян выразил честнее и жестче: «Но, думаю, самое главное в другом. До Ходжалу азербайджанцы подумывали, что они просто с нами шутят. Азербайджанцы подумывали, что армяне – люди, которые не смогут поднять руку на мирное население. Нужно было все это переломить. Так и получилось. Еще нужно учесть, что среди этих ребят были те, кто бежал из Баку, из Сумгаита».

Գրքի նոր հրատարակություններում դե Վաալը չի վերանայում այս մեջբերումը՝ հնարավորություն տալով ադրբեջանական պրոպագանդիստներին շարունակելու խեղաթյուրել ոչ վաղ անցյալի պատմությունը: Ճիշտ է նաև, որ ռուսերեն վերջին՝ 2014-ի հրատարակության մեջ նա տողատակում տվել է Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ամբողջական կտորը:

Մեկնաբանել