Զախարովան մեկնաբանել է ՌԴ պատգամավորների մասնակցությունը Բաքվի երթին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ լրագրողի հարցին ի պատասխան՝ այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությունը Բաքվում Խոջալուի դեպքերին նվիրված երթին։

Նա ասել է, որ ղարաբաղյան արյունալի հակամարտությունը մահ և տառապանք է բերել բազմաթիվ մարդկանց՝ հայերի ու ադրբեջանցիների, և Ռուսաստանը մշտապես դա համարել և համարում է «մեծ ողբերգություն»։

«Մեր երկիրը գործադրում է նշանակալի, շատ մեծ, վճռական ջանքեր երկու կողմերին այդ հակամարտության կարգավորման ուղիների որոնումներում օգնելու ուղղությամբ։

Մենք հետայսու ևս դրան առաջնահերթ ուշադրություն ենք հատկացնելու՝ տվյալ տարածաշրջանում մեր քաղաքականության համատեքստում»,- ասել է Զախարովան։

«Դուք ասացիք, որ մասնակցել են ռուսաստանցի պատգամավորներ, ես կարծում եմ` ճիշտ կլինի հենց նրանց հարց ուղղել այն առնչությամբ, թե ինչպես են ինքնակազմակերպվել, այդ հարցը տալ անմիջապես նրանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառմանը։ Մենք արդեն ասել ենք, որ արտաքին գործերի նախարարությունը չի եղել այդ միջոցառման կազմակերպիչներից»,- նշել է խոսնակը։

Թեմայի շուրջ ավելին՝

ՀՀ դեսպանն ու ԱԺ խոսնակն արձագանքել են Բաքվում «Խոջալուի երթին» ՌԴ պատգամավորների մասնակցությանը

Մեկնաբանել