ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճռի կայացման առնչությամբ մեկնաբանություն է արել։
«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:
Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը»,- ասված է մեկնաբանությունում:
Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանի տարածքում դիվերսիաների և ահաբեկչությունների կազմակերպման համար»։
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտել է 2018թ. հուլիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի քրեական հետապնդումը։