Ռուսաստանը չէր ցանկանա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվեր․ Ուորլիք

Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում. «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ներկայում ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը։

«Կարծես թե, նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջև պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»:

Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, որն այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու և ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ և գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ․ «Երեք տարի համանախագահ աշխատելով՝ ես դրա որևէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում, և ասեմ, որ դա տրամաբանական է։ Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվեր»:

Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով, ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է, այլ դառնում ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել և, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշով պատող ամպերից։

«Իսկ ձեր կարծիքով, հայերի ևս մեկ սերունդ ցանկանո՞ւմ է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք՝ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ»:

Հակամարտության կարգավորման սկզբունքները, Ջեյմս Ուորլիքի խոսքով, «հիմնականում անփոփոխ են և լավ հայտնի»: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպան Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով։

«Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ և կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար»:

Վերջերս ամերիկացի մեկ այլ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել էր, որ «այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել»։

Մեկնաբանել