Չորս քայլ հարկային բարեփոխման ճանապարհին

Արտակ Քամալյանը բացատրում է՝ ինչու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամտահարկի հարթ համակարգը ներկայիս պայմաններում ավելի ընդունելի է, քան պրոգրեսիվըԳյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը ՍիվիլՆեթի համար հերթական հոդվածն է գրել, թե ինչպես պետք է անել տնտեսական, հարկային հեղափոխությունը։ Քամալյանը տնտեսագիտության դոկտոր է, պրոֆեսոր։

Անկեղծ ասած` չէի սպասում արձագանքների նման առատություն նախորդ հոդվածում արծարծված խնդիրների վերաբերյալ: Սակայն քանի որ թեման հետաքրքրում է շատերին, ավելի հանգամանորեն անդրադառնանք վերջինիս՝ միաժամանակ պատասխանելով մի շարք մեկնաբանությունների:

Առաջին հերթին, որպեսզի տարօրինակ չթվա, թե ինչու է գյուղատնտեսության նախարարի տեղակալը գրում հարկերի մասին՝ նշեմ, որ ես 2004-2011 թթ. համալսարանում պատիվ եմ ունեցել ղեկավարերու հարկերի և հարկային իրավունքի ամբիոնը, հետևաբար կարծում եմ ունեմ իրավունք խոսել և դատողություններ անել գյուղատնտեսության մեջ հարկերի դերի վերաբերյալ, իհարկե, առանց վերջին ատյանի ճշմարտությանը հավակնելու:

Ինչո՞ւ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամտահարկի հարթ համակարգը ներկայիս պայմաններում ավելի ընդունելի է, քան պրոգրեսիվը։ Մեկնաբանությունների և քննադատությունների մեծ մասը հենց այս հարցի վերաբերյալ էր:

Հարկման դասական սկզբունքների և տեսական հաշվարկների տեսանկյունից հարկման պրոգրեսիվ համակարգն ավելի օպտիմալ և արդարացի է: Պատահական չէ, որ զարգացած շատ երկրներ կիրառում են հենց այս համակարգը (ԱՄՆ՝ 10-37%, Կանադա՝ 17-29%, Մեծ Բրիտանիա՝ 20-50%, Գերմանիա՝ 15-43%, Ճապոնիա՝ 50%, Դանիա՝ 5.5-61% և այլն):

Սակայն, դասականները դասականներով, տեսական հարցերը՝ տեսություններով, զարգացած երկրները՝ զարգացած երկրներով, իսկ մեզ նման երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսության մեջ, որտեղ բավական մեծ է ստվերային հատվածը, որտեղ հարկային համակարգն այնքան էլ արդյունավետ չի դրսևորում իրեն մասնագետների պատրաստվածության, վարչարարական և հսկողական տեսանկյունից, և ի վերջո մի երկրում, որտեղ ամենուր ինչ-որ մեկը ինչ-որ մեկի եղբայրն է, խնամին, ընկերը կամ պարզապես դասընկերը, պրոգրեսիվ համակարգը կաշխատի ավելի ցածր արդյունավետությամբ:

Նախ, եթե բնակչության այն 20%-ը, որը տիրապետում է երկրի 80% ռեսուրսներին, իսկապես գիտակցի, որ մեր երկրում այլ կերպ հնարավոր չէ, քան դուրս գալ ստվերից, այդ դեպքում է անհրաժեշտ նրան տալ տնտեսական այդպիսի հնարավորություն՝ դուրս գալ ստվերից: Բիզնեսն առաջին հերթին հաշվում է գումարներ և ներդրումներից եկամուտներ: Ահա սա է «թաքնված» ներքին ռեսուրսների ներդրման խթանման արդյունավետ միջոցներից մեկը (տարբեր գնահատականերով շուրջ 5 մլրդ դոլար): Վերջին հաշվով, կշահեն բոլորը` և՛ բիզնեսը, և՛ պետությունը:

Վերջին տասնամյակում զգալիորեն աճել է եկամտահարկի հարթ համակարգ ունեցող երկրների թիվը՝ շուրջ 30 երկիր․ Հոնկոնգ (16%), Էստոնիա (26%), Լատվիա (25%), Լիտվա (33%), Ռուսաստան (13%), Սերբիա (14%), Սլովակիա (19%), Ուկրաինա (15%), Վրաստան (12%), Չեռնոգորիա (9%), Մակեդոնիա (10%), Չեխիա (15%) և այլն:

Երկրորդ, եթե մենք միայն մտցնենք եկամտահարկի հարթ համակարգը և դրան զուգահեռ չկատարենք էական այլ փոփոխություններ, ապա ոչինչ չի ստացվի: Բիզնեսը չի վճարի ողջ հարկերը, նույնիսկ ցածր հարթ եկամտահարկի պայմաններում, եթե հետո մենք, oրինակ, նրա շահութաբաժինները բարձր տոկոսներով սկսենք հարկել: Այդ իսկ պատճառով շահութաբաժինների հարկերը նույնպես պետք է լինի համապատասխան և ոչ ավելի, քան մեր հարևան երկրներում:

Բացի այդ, եթե մենք չձեռնարկենք պայքարի միջոցներ ստվերի, «черный нал»-ի և այնպիսի դրսևորումների դեմ, երբ մարդիկ միանգամայն անվրդով տուն կամ մեքենա են գնում՝ չունենալով կամ չհայտարարագրելով որևէ եկամուտ, կրկին դժվարություններ ի հայտ կգան հարկահավաքման և «ստվերից» ելք գտնելու ճանապարհին:

Այլ կերպ ասած, այս խնդիրն արդյունավետ կլուծվի միայն այն պարագայում, երբ մենք ցուցաբերենք համակարգված մոտեցում` մտցնելով համապատասխան փոփոխություններ բոլոր օրենքների, կառավարության որոշումների, ներքին ընթացակարգերի և այլնի մեջ:

Միայն այն ժամանակ, երբ այս բոլոր մեխանիզմները գործի դրվեն, տնտեսությունը դուրս կգա ստվերից և կդառնա թափանցիկ, բնակչության շրջանում հարկային մշակույթի մակարդակը կբարձրանա, հարկային վարչարարությունն ու հսկողությունը առավելագույն կերպով կավտոմատացվեն և կօբյեկտիվացվեն, ինչը հնարավորություն կտա նախապատրաստվել և անցում կատարել եկամտահարկի պրոգրեսիվ (ավելի արդար) համակարգին:

Երրորդ, ներդրողների ուշադրությունը գրավելու համար պետք է սահմանել խաղի պարզ և հստակ կանոններ, որոնք միաժամանակ ավելի մրցունակ ու գրավիչ պիտի լինեն, քան մեր հարևանների կանոնները: Եթե մենք ցանկանում ենք, որ մեր 800-900 հազար քաղաքացիներ վերադառնան արտերկրից և ներդնեն իրենց բիզնեսն այստեղ, պետք է նրանց ընձեռենք հարկային հստակ արտոնություններ։ Օրինակ, եթե Ռուսաստանում կամ Վրաստանում շահույթահարկը 20% է, ապա մեզ մոտ այն պետք է լինի 15%, եթե Ռուսաստանում եկամտահարկը 13% է գումարած սոց. պահումները, ապա մեզ մոտ այդ տոկոսն ավելի ցածր պետք է լինի, քանի որ, ցավոք, մեզ մոտ բավականին քիչ են մրցակցային այլ առավելությունները: Այս պարագայում միմիայն հայրենիքի հանդեպ սերը փոքր օգնություն կլինի հայրենադարձությունը խթանելու համար:

Վերջապես, մի քանի տարի առաջ Ռուսաստանում ընդունվեց օրենք Օտարերկրյա ընկերությունների վերահսկման մասին: Այս օրենքի նպատակն էր կանխել օֆշորային ընկերությունների միջոցով հարկերից խուսափումը` հիմնված նվազագույն հարկման իրավասություններով: Այդ իսկ պատճառով, ռուսական բիզնեսը վաղ թե ուշ կհեռանա եվրոպական երկրներից, օֆշորային գոտիներից և կփնտրի ավելի հուսալի և հարկերով քիչ ծանաբեռնված վայրեր: Միգուցե տնտեսության մեջ ներդրողների որոնման ճանապարհին մտածենք նաև այս ուղղությամբ:

Կարդացե՛ք նաև

Հինգ քայլ՝ ինչպես սկսել տնտեսական հեղափոխությունը

Մեկնաբանել