Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նոր դեսպանին

Մարտի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպան Թրեյսիին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Նախարար Մնացականյանը և դեսպան Թրեյսին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։

Աղբյուրը՝ Արտաքին գործերի նախարարություն

Մեկնաբանել