Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է «Արցախը Հայաստան է և վերջ» պաստառներին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին քննադատել է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի շրջանակում Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառները, որոնք, ինչպես նշում են իրանական Mehr և Fars լրատվականները, արտոնված չեն եղել։

Ղասեմին շեշտել է, որ Իրանը «չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունը ազդեցություն ունենա Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վրա»։

«Ինչպես շարունակաբար հայտարարել եմ, Իրանի դիրքորոշումը իր հարևանների հանդեպ հստակ է, և մեր հարևանները մեր արտաքին քաղաքականությունում մեր առաջնահերթությունն են,- ասել է խոսնակը։- Իրանը ձգտում է ընդլայնել իր հարաբերությունները հարևանների հետ՝ փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա»։

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառը, որը փակցված է եղել «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում՝ Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, զայրացրել է Իրանի ադրբեջանցիներին։

Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իրանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրագույն ղեկավարության հետ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թեհրանի հայ համայնքի հետ (ֆոտոշարք, տեսանյութ)

Մեկնաբանել