2018-ի 7 ամիսներին պետբյուջե է վերականգնվել երեք ու կես անգամ ավելի մեծ գումար, քան 2017-ին

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել 2018-ին իր ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Զեկույցի ենթաբաժիններից մեկում անդրադարձ է կատարվում կոռուպցիայի դեմ պայքարին։ Մասնավորապես նշվում է, որ 2018-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1 079 քրեական գործ, որոնց շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառած 66,9 մլրդ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե շուրջ 22,5 մլրդ դրամ:

Համեմատություն է անցկացվում նաև 2017-ի հետ. «Նույն հատկանիշներով ամբողջ 2017-ի ընթացքում հարուցվել է 846 քրեական գործ, որոնցից 655 քրեական գործ կարճվել է, իսկ վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե ընդամենը 6,5 մլրդ դրամը»։

«Բացի այդ, նշված քրեական գործերի քննության ընթացքում մասնակից առանձին անձանց կողմից պետությանը կամավոր վճարվել է շուրջ 9,5 մլրդ դրամին համարժեք գումար»,- ասվում է կառավարության կատարողականում:

Նշվում է նաև, որ «խոշոր բիզնեսը զրկված է Կառավարության գործառույթների վրա ազդելու լծակներից»: Ըստ զեկույցի՝ կառավարությունում և Ազգային ժողովում գործարար պաշտոնյաների և պատգամավորների թիվը վերջին 20 տարվա համար հասել է նվազագույնի։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել