Հայաստանը, Վրաստանը և Իրանը կարող են բանակցել գազային համաձայնագրի շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից: Էներգետիկ ուսումնասիրություններ իրականացնող ֆրանսիական Petrostrategies հետազոտական ընկերության հիմնադիր Պետրոս Թերզյանը Սիվիլնեթի Կարեն Հարությունյանի հետ զրույցում խոսում է Իրանից գազ ներկրելու Հայաստանի հնարավորությունների մասին։

– Հայաստանը ներկայում Իրանի հետ իրականացնում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ ներկրվող գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վերադարձելով մեկ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Որքանո՞վ է իրատեսական իրանական գազի ներմուծման ծավալների աճը՝ հաշվի առնելով տեխնիկական և այլ գործոնները:

– Ներկայում գործող Իրան-Հայաստան գազային համաձայնագիրը, փաստորեն, Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև կնքված երկրորդ նմանօրինակ համաձայնագիրն է։ Առաջինը երբեք չէր իրականացվել, քանի որ ժամանակի հանգամանքներից ելնելով՝ այն չափազանց անհավասարակշիռ էր՝ հօգուտ Իրանի։ Ընթացիկ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը հավասարակշռված է և կարող է ընդլայնվել: Այդ նպատակով Հայաստանը պետք է կառուցի արդիական հզոր էլեկտրակայաններ, որպեսզի էլեկտրաէներգիայի (որի մի մասը կարտահանվի Իրան` գազի դիմաց վճարման համար) փոխանակումը իրանական գազի հետ ձեռնտու լինի։ Սակայն Հայաստանի գազի պահանջարկն ինքնին սահմանափակ է: Ամենակարևորը, Հայաստանը պետք է շեշտը դնի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա, ինչպիսիք են արևն ու քամին. դրանք մաքուր և անկախ աղբյուրներ են:

– Հայաստանի վարչապետը նաև ասաց, որ Իրանից գազ գնելու հիմնական խնդիրը գինն է: Իրանական գազը գնային ի՞նչ սահմաններում է:

– Գինն իհարկե կարևոր է: Օրինակ, Թուրքիան ամենաէժան գազը ներկրում է Ադրբեջանից, ապա՝ Իրանից ու Ռուսաստանից։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի դեպքում, որ գործում է Հայաստանի և Իրանի միջև, փոխվում են տնտեսական չափորոշիչները և ինչ-որ չափով՝ նաև արժեք-գին հաշվարկները: Դա հիմնականում գազի մատակարարման և էլեկտրաէներգիայով դրա դիմաց վճարելու համամասնության խնդիր է:

– Վարչապետ Փաշինյանն Իրանում ասաց նաև, որ Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր իրանական գազի համար: Տարանցման ի՞նչ հնարավորություններ կան՝ թե՛ տեխնիկական և թե՛ աշխարհաքաղաքական առումով:

– Անկախությանը հաջորդող առաջին տարիներին բնական գազի մատակարարումը Հայաստանին Վրաստանի տարածքով հաճախ կտրվում էր՝ ադրբեջանական հրոսակախմբերի դիվերսիաների պատճառով: Հայաստան գազի մատակարարման այլ ուղի չկար։ Այդ ժամանակ ես Հայաստանի կառավարության համար էներգետիկ հարցերով (կամավոր) խորհրդական էի: Իմ առաջին և համառ խորհուրդն էր Իրանը դիտարկել որպես մատակարարման երկրորդ աղբյուր և գնել իրանական գազ, ինչես նաև Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր իրանական գազը Վրաստան մատակարարելու համար։

Գազի աղբյուրների և խողովակների բազմազանեցումը շատ կարևոր է մատակարարումների անվտանգության և գնի շուրջ բանակցային դիրքերի բարելավման համար

Գազի աղբյուրների և խողովակների բազմազանեցումը շատ կարևոր է մատակարարումների անվտանգության և գնի շուրջ բանակցային դիրքերի բարելավման համար: Բացի այդ, երկիրը տարանցումից որոշ գումարներ է ստանում: Ցավոք, այդ ժամանակ Իրանը չէր կարող Հայաստանին ապահովել գազի խոշոր ծավալներ: Այն կարող էր գազ մատակարարել միայն ամռանը, երբ սեփական պահանջարկն ավելի փոքր էր։ Իրանի արտադրական հզորությունները հազիվ բավարարում էին ձմռանը երկրի գազի պահանջարկը բավարարելուն։ Գազի գնումն ամռանը կարող է հետաքրքիր լինել (քանի որ գները կարող են ավելի ցածր լինել), եթե գնորդը կարողանա գազը պահուստավորել և սպառել ձմռանը: Ցավոք, Հայաստանը մեծ գազամբարներ չունի: Հոկտեմբերյան քաղաքի ստորգետնյա միակ գազամբարը փոքր է և հնացած: Այսօր Իրանը արտահանման համար ավելի շատ գազ ունի թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, և շահագրգռված է Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու հարցում՝ միաժամանակ մեծացնելով Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Հետևաբար, Հայաստանը, Վրաստանը և Իրանը կարող են բանակցել գազային համաձայնագրի շուրջ, որը կարող է շահավետ լինել բոլոր կողմերի համար:

– ԱՄՆ պատժամիջոցները որքանո՞վ կարող են ազդել Հայաստանի և Իրանի միջև հնարավոր գազային գործարքի վրա:

– ԱՄՆ-ը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը չի ողջունում։ Այնուամենայնիվ, հասկանում է, որ Հայաստանը հատուկ պարագա է, քանի որ այն Իրանի հետ սահման ունի, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները քաղաքական պատճառներով փակ են: Վաշինգտոնը չի կարող Երևանից պահանջել խզել Թեհրանի հետ առևտրային հարաբերությունները, քանի դեռ չի կարողացել Թուրքիային համոզել բացել Հայաստանի հետ սահմանները: Ավելին, Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է՝ տնտեսական գործընկերների սահմանափակ ընտրությամբ։ Նաև՝ Իրանին ապավինելով՝ Հայաստանը ինչ-որ կերպ նվազեցնում է իր կախվածությունը Ռուսաստանից: Ի վերջո, Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը փոքր է միջազգային չափանիշներով: Հայաստանի կայունության պահպանումը ԱՄՆ-ի համար ավելի կարևոր է, քան Հայաստանի և Իրանի միջև առևտրային փոքրածավալ կապերի խզումը:

– Թուրքիան բազմազանեցնում է գազի մատակարարման աղբյուրները և նախատեսում է մեծացնել հեղուկ բնական գազի ներմուծման ծավալները ԱՄՆ-ից՝ փորձելով այդ կերպ ճնշում գործադրել բնական գազի իր մատակարարների` Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի վրա: Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ տարածաշրջանային գազի շուկայի վրա:

– Կարծում եմ, որ Թուրքիան խաղում է ԱՄՆ-ի հեղուկ գազի խաղաքարտով` գազի այլ մատակարարների հետ իր բանակցային դիրքի բարելավման համար: Թուրքիայի հեղուկ գազի և բնական գազի երկարաժամկետ մատակարարման պայմանագրերի մի մասի ժամկետը լրանում է այս և հաջորդ տարի։ Սակայն ԱՄՆ-ի կողմից հեղուկ գազի մատակարարման ծախսերը բարձր են՝ համեմատ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի կողմից գազատարներով մատակարարվող բնական գազի։ Ամերիկյան հեղուկ գազը նաև ավելի թանկ է նստում Թուրքիայի վրա, քան Ալժիրից և Նիգերիայից մատակարարվող հեղուկ գազը: Ամերիկյան հեղուկ գազի արտահանման ծավալները ներկայում սահմանափակ են, չնայած արագ աճում են։ Հետևաբար, Թուրքիան կարող է բարելավել իրեն գազի մատակարարման պայմանագրերի պայմանները, թեև այդ բարելավումները սահմանափակ կլինեն։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the interview in English

Կարդացե՛ք նաև՝

Թուրքիան գազի հարցում փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի վրա․ Petrostrategies

Հայաստանը պատրաստ է ավելացնել գազի ներկրումն Իրանից և լինել գազի տարանցիկ երկիր

Մեկնաբանել